Լակոտական իշխանությունների օրոք լակոտություն են արել․ Շահե Աճեմյանը՝ իր վրա հարձակման մասին

Երեկ երեկոյան անհայտ անձինք հարձակվել են ազատամարտիկ Շահե Աճեմյանի վրա։
Աճեմյանը MediaHub-ին պատմեց, որ իրականում չի տեսել, թե ովքեր են եղել իր վրա հարձակվածները, այս պահին կասկածներ էլ չունի։
«Շինարարներ-Արզումանյան խաչմերուկին մոտ եմ ապրում, երեկոյան՝ 22։00-ի սահմաններում խանութ էի գնում, քայլում էի, հետևիցս հարձակվեցին ինձ վրա, խփեցին, պտտվեցի, տեսա, որ երկու դիմակավորված անձինք են, մեկին այնպես խփեցի, որ գետին ընկավ, մեկ-երկու քայլ հետ գնացի, պատրաստվեցի, որ ինքնապաշտպանվեմ, գետնին ընկածը ոտքի կանգնեց ու երկուսն էլ վազելով փախան»,-պատմեց Աճեմյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ այնքան արագ է եղել, որ ոչինչ չի հասկացել, չի ընկալել, թե ովքեր էին կամ ինչ նպատակով էին իր վրա հարձակվել։
«Դիմակավորված էին, բայց կազմվածքներին նայելով կարող եմ ասել, որ մոտ 20-25 տարեկան լակոտներ էին։ Ես թշնամիներ չունեմ, ես գրեթե 5 տարի է՝ այս իշխանություններին եմ քննադատում, բայց բնականաբար չեմ կարող ասել, որ իրենց պատվերով է եղել կամ իրենք են եղել։ Երեկ հիվանդանոց գնացի, ստուգվել եմ, ամեն ինչ նորմալ է։ Ոստիկանություն չեմ դիմել, իմաստ էլ չկա․ լակոտական երկրի մեջ, լակոտական իշխանությունների օրոք լակոտություն են արել»,-մեկնաբանեց ազատամարտիկը։
Լիաննա Թորոսյան