Կոնկրետ երեկվա թերությունները գուցե իմ տեսադաշտից դուրս են եղել․ ինչո՞ւ Լոռու մարզպետն «անակնկալ» ազատվեց պաշտոնից

Կոնկրետ երեկվա թերությունները գուցե իմ տեսադաշտից դուրս են եղել․ ինչո՞ւ Լոռու մարզպետն «անակնկալ» ազատվեց պաշտոնից

Լոռու մարզպետի պաշտոնից այսօր «անակնկալ» կերպով ազատված Արամ Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում փորձում էր համոզել, որ ինքը «սեփական դիմումի համաձայն» է ազատվել պաշտոնից։ Մինչդեռ, բոլորին պարզ է, որ թե՛ իր, թե՛ քաղշին կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ազատման պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում նորակառույց դպրոցներում իր հայտնաբերած խնդիրներն են՝ կախիչները պոկվում են, վոլեյբոլի ցանցը տուկի թելից է, իսկ շիթը ստանդարտից փոքր է, ու այսպես շարունակ։ Այսինքն՝ Լոռու մարզ կատարած այցը ճակատագրական եղավ Լոռու մարզպետի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համար․ նրանք այսօր պաշտոնանկ եղան։

«Անակնկալ չէր, ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը։

-Դե, բոլորն էլ «իրենց դիմումի համաձայն» են ազատվում, այլ հարց է, թե ինչու են դիմում գրում։
-Մնացածի դեպքում չգիտեմ, ինձ որևէ մեկը չի ասել, որ դիմում գրեմ։

-Իսկ ինչո՞ւ դիմում գրեցիք, կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի երեկվա այցն էր պատճառը, որ զայրացել էր։
-Չէ, չէ, երեկվա այցը չէր պատճառը, ես ուղղակի որոշեցի, որ․․․ Ինձ որևիցե մեկը չի ասել, որ դիմում գրեմ, ես ինքս եմ որոշել, որ դիմում գրեմ։

-Այդ պատասխանները մենք միշտ լսում ենք, իհարկե, Ձեր իրավունքն է՝ ինչ պատասխան տալ, բայց մենք կարող ենք մի քիչ չհավատալ պաշտոնյաների անկեղծությանը այդ առումով։ Բոլորը տեսան, որ երեկ Նիկոլ Փաշինյանը շատ զայրացած էր Լոռու մարզ կատարած այցի արդյունքներից, շինարարության որակից, Դուք էլ անհանգիստ տեսքով էիք նրա կողքը կանգնած, և Ձեզնից բացի նաև Քաղշինկոմիտեի նախագահը ազատվեց պաշտոնից։ 
-Դա Ձեր իրավունքն է մեկնաբանելը, Դուք ինձ հարցնում եք, ես պատասխանում եմ հստակ։

-Ձեզ այցից հետո որևէ բան չի՞ ասել, թե՞ հրապարակային ինչ ասել է, դա էր։
-Չէ, չենք խոսել։

-Իսկ այսօր, որ եկաք Կառավարության նիստին, Դուք գիտեի՞ք, որ ազատվել եք աշխատանքից։ 
-Դե, ես երեկ դիմումը գրել էի ազատման, էսօր, երբ մտել է օրակարգ, էդ ժամանակ իմացել եմ։

-Բայց Դուք փորձե՞լ եք մտնել դահլիճ, որ մասնակցեք նիստին, թե՞ Ձեզ այլևս ներս չեն թողել։
-Չէ, ինձ որևէ մեկը չի արգելել, որ ներս մտնեմ, այսինքն՝ ես նիստի ընթացքում պիտի ազատվեի կամ չազատվեի, բայց մինչև նիստը սկսվելը ես դեռ Լոռու մարզպետն էի։

-Իսկ ինչո՞ւ չմտաք ներս, չմասնակցեցիք նիստին։
-Դե․․․ Չուզեցի, թույլտվություն վերցրի՝ չմասնակցեցի։

-Իսկ հանդիպե՞լ եք Փաշինյանի հետ մինչև նիստը կամ նիստից հետո, ինչ-որ դիտարկումներ, դիտողություններ արե՞լ է Ձեր աշխատանքի հետ կապված՝ գո՞հ էր, դժգո՞հ էր։
-Ոչ, ինձ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի, համատեղ համագործակցության համար, նույնն էլ ես եմ հայտնել, նիմա էլ եմ ասում՝ շնորհակալ եմ վարչապետին վերջին տարիներին տարբեր կարգավիճակում վստահության համար։ 

-Իսկ ինչո՞վ եք զբաղվելու հետայսու։
-Դա արդեն ժամանակը ցույց կտա։

-Լավ, ինչո՞ւ որոշեցիք հենց այսօր դիմում գրել-ազատվել, հասկացանք՝ Լոռու մարզ այցը չէր պատճառը, իսկ ո՞րն էր պատճառը։
-Ես, ճիշտն ասած, մի շաբաթ-տասն օր առաջ էլ արդեն մտքիս կար, ուղղակի էս այցից հետո զուգադիպեց, բայց ես իրոք որոշել էի, որ դիմում գրեմ։ Հիմա, եթե այսօր չգրեի, կարող է տասն օր հետո գրեի, շատ չէր տարբերվելու, էլի։

-Իսկ ինչո՞ւ, ի՞նչը չէր գոհացնում Ձեզ այս կառավարությունում մարզպետ աշխատելիս։
-Դե, դա արդեն իմ անձնական խնդիրն է, ես էդպես եմ որոշել, որ դիմում գրեմ-ազատվեմ։

-Տպավորություն է, որ շատ շփոթված եք ու հիմա ուղղակի ոտքի վրա բացատրություններ եք փորձում գտնել․ իրական պատճառն այլ է։
-Խնդրում եմ՝ տենց որակումներ մի՛ տվեք՝ ես շփոթված եմ, շփոթված չեմ, ես Ձեր լրագրողական էդ հնարքներին արդեն լավ ծանոթ եմ, խնդրում եմ՝ տենց որակումներ չտաք։ Ես զինվորական եմ եղել, հիմա էլ եմ զինվորական, որովհետև նախկին զինվորական չի լինում։ Եվ ես ցանկացած իրավիճակում շատ բան եմ տեսել և չեմ շփոթվում։

-Ամեն դեպքում տպավորություն է, թե Դուք փորձում եք բացատրություններ գտնել, մինչդեռ իրական պատճառը այլ է։
-Չէ, ես բացատրություն չեմ գտնում, Դուք հարց եք տալիս, ես հարցին հստակ պատասխանում եմ։ Ուզում եք ինչ-որ ականջահաճո պատասխաննե՞ր տամ։

-Այդուհանդերձ, երեկ Լոռու մարզ կատարած այցից ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը դժգոհ։ Դուք այդտեղ Ձեր մասով՝ անձնապես, որպես մարզպետ, թերացում տեսնո՞ւմ եք, որ շինարարությունը ճիշտ չի ընթացել, լավ չեն կառուցել։
-Գնահատականը, կարծում եմ, հնարավորություն ունեք մամուլի ասուլիսների ժամանակ էդ հարցը ուղղեք վարչապետին․․․

-Չէ, այս դեպքում կոնկրետ Ձեզ է վերաբերում, որ ինքը դժգոհ էր շինարարության որակից։ Հիմա այդտեղ մարզպետն անելիք ունե՞ր, թե՞ ոչ։
-Դե, հիմա, տեսեք՝ էդ աշխատանքների պատվիրատուն մարզպետարանը չէ, ուղղակի մարզում կատարվող ընթացքի աշխատանքներին մարզպետն էլ գնում շրջայց է կատարում։ Եվ եթե պետք է լինում, պատվիրատուին է ասում կամ շինարարին է ասում, որ կան այս-այս խնդիրները, և ես մի քանի ամիս առաջ եղել եմ այդ շինհրապարակներում, իմ դիտողություններն արել եմ, մի մասը վերացվել է։ Կոնկրետ երեկվա թերությունների մասով՝ միգուցե իմ տեսադաշտից դուրս են եղել, կարա այդպես էլ լինի։ Բայց դե յուրե պատվիրատուն ու վերահսկողը ես չեմ, բայց դե ֆակտո՝ մարզում, որ նման աշխատանքներ են իրականացվում, մարզպետը պետք է գնա, տեղում ծանոթանա, եթե կան խնդիրներ, փորձի վերացնել տալ կամ, չգիտեմ, լուծումներ տա։

-Իսկ Քաղշինկոմիտեի նախագահի՞ն ինչու ազատեց․ ի՞նքն էլ էր որոշել Ձեզ պես մի տաս օր առաջ դիմում գրել-գնալ։
-Չգիտեմ, էդ արդեն Քաղշինկոմիտեի նախագահին պիտի հարցնեք։

Վահե Մակարյան