Արցախի հուժկու պատասխանն ու ուղերձները՝ Բաքվին

Արցախի հուժկու պատասխանն ու ուղերձները՝ Բաքվին

Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, երեկ տեղի է ունեցել համաժողովրդական հանրահավաք, որին տարբեր հաշվարկներով մասնակցել է 65- 70 հազար մարդ: Արդեն երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող արցախցիները պահանջում են, որ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները բացեն Արցախի «կյանքի ճանապարհը»:

Հանրահավաքում ծրագրային ելույթ է ունեցել պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի անձը օրեր առաջ թիրախավորել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից՝ Ռուսաստանի նրա գործընկեր Սերգեյ Լավրովի, ըստ էության, լռելյայն համաձայնությամբ:

Արցախի պետնախարարը խոսել է երեք հնարավոր սցենարների մասին: «Առաջինը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ ու կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի երկուսին՝ ես այստեղ եմ և պայքարում եմ, ու ես էստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Երեկվա բազմամարդ հանրահավաքը շահեկանորեն տարբերվում էր հոկտեմբերի վերջին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքից:

Նախ, երեկվա հանրահավաքն ավելի բազմամարդ էր, ինչով պայթեց Բաքվի քարոզչական թեզը, թե Ստեփանակերտի առաջին բազմամարդ հանրահավաքի մարդաշատությունը բացատրվում է Հայաստանից բերված քաղաքացիների հանգամանքով:

Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացառապես Հայաստանի ու Արցախի դրոշներն էին՝ առանց որևէ օտար սիմվոլիկայի, ինչը խոսում է արցախցիների պայքարի հասունության մասին:

Շատ կարևոր են նաև այն հանգամանքները, որ երեկվա հանրահավաքի հարթակն ավելի ներառական էր ու օբյեկտիվորեն մարմնավորեց պայքարի առաջնորդը, որի «մնալու եմ Արցախում» որոշումը ընթացիկ պահի ամենակարևոր ուղերձն է Ադրբեջանին ու միջազգային հանրությանը:

 

Վահրամ Բագրատյան