Ի՞նչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից

Ի՞նչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այսօր մեկնարկելիք երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, հաղորդում է կառավարությունը հավելելով, որ անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Մեր հասարակությունը միշտ չափազանցված սպասումներ է ունենում միջազգային հանդիպումների նկատմամբ՝ հաճախ առանց հիմքերի ակնկալելով, որ մեկ հանդիպումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ, օրինակ՝ ԼՂ խնդրի համար կամ շրջադարձեր առաջացնել մեր երկրի ներքաղաքական կյանքում։ Ասվածն, առաջին հերթին, վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանի ղեկավարը մեկնում է Մոսկվա։

Անկասկած, Պուտին- Փաշինյան այսօրվա բանակցությունների հիմնական թեմաները լինելու են հենց ԼՂ խնդիրը, հայ- ադրբեջանական հարաբերությունները։ Դրանց կոնկրետ բովանդակության մասին հազիվ թե հասարակությունը համապարփակ տեղեկատվություն ստանա՝ ինչպես միշտ կսահմանափակվենք պաշտոնական լակոնիկ տեղեկատվությամբ։ Մի բան ակնհայտ է՝ Մոսկվան այսօրվա հանդիպմամբ ևս մեկ անգամ ամրագրելու է իր առաջատար դիրքերը մեր տարածաշրջանում, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում։

Մեր հասարակությունը պարզունակ պատկերացումներ ունի նաև ներքաղաքական կյանքում ռուսական դերակատարության մասին։ Ինչքան էլ Հայաստանի քաղաքական, հանրային կյանքում մեծ լինի Մոսկվայի դերակատարությունը՝ պետք է գիտակցենք, որ իշխանության հարցը բացառապես մեր հասարակության խնդիրն է, իսկ արտաքին գործոններն ընդամենը որոշակի «խմբագրում» են մտցնում որևէ երկրի ներքաղաքական գործընթացներում։

Այսօր Փաշինյանի մոսկովյան այցը պաշտոնական է, ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումը հնարավոր է` ավարտվելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ։ Ահա, սա է, ինչին իրականում պետք է սպասենք։

Վահրամ Բագրատյան