Փաշինյանը չի խոսում ապաշրջափակման հետևանքների մասին

Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ականջահաճո հայտարարություններ է անում, որոնք իրական քաղաքականության հետ որևէ աղերս չունեն: Կոմունիկացիաների ապաշրջափակումը կարևոր է, սակայն ՔՊ-ն ու նրա ղեկավարը չեն հաշվարկել ապաշրջափակման բոլոր վտանգները՝ անվտանգության, տնտեսության, ՀՀ էթնիկ-կրոնական, ժողովրդագրական դեմքի փոփոխության, թուրքական կապիտալի էքսպանսիայի առումներով:
ՔՊ-ական մի քանի մանդատավոր օլիգարխներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապեր են հաստատելու՝ հարստանան, իսկ ՀՀ ներքին սպառողների համար կրկին լինելու են թանկացումներ, ապրանքների գնաճ և սոցիալական լարվածության աճ: «Էժան լոլիկների» մասին հեքիաթներով ՔՊ-ն շեղում է ՀՀ քաղաքացիներին արցախյան 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքների՝ տարածքային և մարդկային կորուստների, գերիների թեմաներից և խոստանում են «տնտեսական հրաշք»՝ չհիմնավորելով, թե ՀՀ աղքատ տնտեսությունն ինչ կարող է արտահանել Թուրքիա կամ առավել ևս` Ադրբեջան:
Այսօր ՀՀ տնտեսության մեջ թուրքական ապրանքները զգալի տեղ են զբաղեցնում՝ սահմանները բացվելու պարագայում թուրքական տնտեսական էքսպանսիան ոչնչացնելու է հայկական, տեղական արտադրությունն ու հազարավոր ՀՀ քաղաքացիներ կդառնան գործազուրկ՝ արտագաղթելով ՀՀ-ից: Ադրբեջանը, իր հերթին, էժան նավթ և գազ է առաջարկելու ՀՀ-ին՝ ՌԴ-ից ՀՀ-ի էներգետիկ կախվածությունը նվազեցնելով և Երևանը մեծ կախվածություն ձեռք կբերի ադրբեջանական էներգակիրներից: Այս մասին ՔՊ-ականները չեն խոսի երբեք՝ նրանց հրահանգված է գովաբանել «խաղաղության դարաշրջանը», որն իրականում նոր աղետի դարաշրջան է:
Վահրամ Բագրատյան