Գործ ունենք իրավական անբարոյականության հետ․ Բաբայանը՝ Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրման մասին

ՔՊ-ն գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին։ Որքանո՞վ է նա համապատասխանում այդ պաշտոնին, այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի հետ։
«ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար Աննա Վարդապետյանը վատագույն թեկնածուն է, Նիկոլ Փաշինյանի համար նա միակ լավագույն իրավաբան թեկնածուն է։ Ինչո՞ւ, քանի որ մենք գործ ունենք իրավական անբարոյականության հետ։ Աննա Վարդապետյանը հայտնի է որպես քննիչին գրավոր ցուցումներ տվող մարդ»,- նշեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ երբ մարդն իրեն թույլ է տվել քննիչին ուղիղ ցուցում տալ և չի էլ փոշմանել, ավելին՝ արդարացել է՝ ասելով, թե դա եղել է խորհրդատվություն, ապա նա մասնագիտական առումով անբարոյական է։
«Իսկ դա նման է Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա էլ չունի բարոյականություն ու սրբություն»,- ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է Վարդապետյանի նշանակմամբ սպասվող վտանգներին, ապա Արսեն Բաբայանը նկատեց՝ ինքը մեծ մտավախություն ունի, որ դառնալով գլխավոր դատախազ, նա կխախտի բոլոր քննիչների անկախության իրավունքը։
«Վաղն ինքը նույն հաջողությամբ դատավորներին կուղղորդի, ինքը կասի՝ տասը տարի տուր, հետո էլ կնշի՝ խորհրդատվություն է եղել։ Վարդապետյանը Փաշինյանի՝ գլխավոր դատախազի լավագույն թեկնածուն է։ Փաշինյանի համար մասնագիտական անբարոյականությունն առաջին տեղում է»,- շեշտեց Բաբայանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է հենց այդպիսի գլխավոր դատախազ, որպեզի բոլոր հարցերում լինի այնպիսի արդարադատություն, ինչպիսին ինքն է ուզում։
«Աննա Վարդապետյանը լավ մասնագետ է, որը չունի մասնագիտական բարոյականություն։ Դա շատ ավելի վատ է»,- նշեց Արսեն Բաբայանը։
Նրա դիտարկմամբ՝ բացի այդ, Վարդապետյանը չունի նաև դատախազական աշխատանքային փորձ, ուստի, իրեն բերել են հատուկ նպատակով.
«Փաշինյանն այս դեպքում վրեժ է լուծում մեր պետությունից, քանի որ ատում է պետությունն ու պետականությունը»,- եզրափակեց խոսքը Արսեն Բաբայանը։
Մերի Գևորգյան