Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել, Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Նախօրեին Ալեն Սիմոնյանի եւ Հովիկ Աղազարյանի հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է ԱԺ նախագահը, որը հանդիպման նախաձեռնողն է եղել։ Հիշեցնենք, որ Աղազարյանը խոստացել էր երկուշաբթի, 18.00-ին պատասխանել վարչապետի «խնդրանքին»՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ: Նա վճռական էր՝ հայտարարելու, որ չի հրաժարվելու մանդատից, սակայն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ մի քանի օրով հետաձգում է որոշման մասին հրապարակումը դեռ որոշ հարցեր կան պարզաբանելու։
Իսկ երեկ պատասխանելով մեր հարցին, որ, մեր տեղեկություններով, Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է իրեն, ինքն էլ հոգեպես ճնշվել է եւ փոշմանել, Աղազարյանը պատասխանեց․ «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին»: Բայց չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը: Ասաց, որ իրեն չի վիրավորել. «Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»։ Իրականում Աղազարյանը ճիշտ չասաց․ տեղեկացանք, որ Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլեւ ծաղրել է Աղազարյանին, թե ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել ու դուրս եկել համակարգի, պետության, պետականության դեմ։
Հընթացս էլ սպառնացել է` չգիտե՞ս, թե նմանների վերջն ինչ է լինում։ Իր եղբոր կնոջ մասին է հիշեցրել, որ ինքն այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չեկավ: Մի խոսքով, Աղազարյանին ամեն կերպ նվաստացրել է ու ճնշել, որից հետո Աղազարյանը հետաձգել է որոշումը։ Բայց նրա հարցուպատասխանից պարզ դարձավ, որ որոշումը հնարավոր է մեկ կամ մեկուկես տարի չհրապարակի: Ասաց՝ քանի դեռ ռուսաստանցի ընկերոջս չեմ հանդիպել, չեմ հրապարակի, իսկ ընկերոջ գալը Երեւան չի կարող ասել, թե երբ կլինի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների կենսամակարդակի աճի տվյալները, որոնք հակասում են տնտեսագիտական բոլոր հայտնի եւ անհայտ նորմերին։
ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր՝ Ալխաս Ղազարյան, ով, ըստ պաշտոնական կենսագրության, մինչեւ մանդատ ստանալը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտից վարձատրվում էր գիտնականի համեստ աշխատավարձով` տարեկան 300-600 հազար դրամի սահմաններում:
Զարմանալին այն է, որ ԳԱԱ-ին զուգահեռ ստանձնելով ԱԺ պատգամավորի բազմազբաղ աշխատանքը՝ տրամաբանորեն ԳԱԱ-ում պետք է նվազեր Ղազարյանի աշխատավարձը, կամ գոնե մնար նույնը, քանի որ «պատգամավոր գիտաշխատողը» եւ «պարապ գիտաշխատողը» տարբեր օրակարգեր ու զբաղվածություն ունեն: Բայց Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը (եկամուտը) հատել է 2 միլիոն դրամի շեմը՝ նախկին 300 հազարի փոխարեն։
Միաժամանակ, Մարտունու Վաղաշեն գյուղում ծնված-մեծացած Ալխաս Ղազարյանը, ինչպես ցանկացած հեղափոխական ՔՊ-ական, 2023 թվականին 30.8 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։
Առավել զարմանահրաշ են Ղազարյանին փոխկապակցված անձի՝ եղբոր՝ Դավիթ Ղազարյանի հետհեղափոխական հաջողությունները։
Եթե այն ժամանակ, երբ քույրը պաշտոն էր ստանձնում, Դավիթ Ղազարյանի տարեկան եկամուտը 5 միլիոն դրամ էր, մեկ տարի անց անհատ ձեռնարկատեր Դավիթ Ղազարյանը տարին ավարտել է 26.5 միլիոն դրամ եկամուտով, իսկ ամենաանհասկանալին՝ անհատ ձեռնարկատեր Ղազարյանը, թողնելով այս եկամուտները, 2023 թվականին տեղափոխվել է վարչապետի աշխատակազմ` չինովնիկի համեստ աշատավարձ ստանալու։ Անհավատալի զարգացումներ»:
«Հրապարակը» գրում է․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, եւ չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել եւ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:
Երբ նրան հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել Փաշինյանին հեռացնելու, ասել է. «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեի՞նք»: Իշխան Սաղաթելյանն էլ արձագանքեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ իշխանափոխությունը, եւ Նազարյանի հարցն առաջիկայում խմբակցությունը կքննարկի, եւ քայլեր կձեռնարկվեն։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը քոչարյանական թեւի ներկայացուցիչ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նեղսրտել է իր թիմակիցներից. պատճառն իր մտերիմ ընկերոջ՝ Նարեկ Զեյնալյանի պատգամավորական մանդատը վայր դնելու պահանջն է Փաշինյանի կողմից:
Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ Զեյնալյանը կոպիտ ձեւով կշտամբեց ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ ասելով նրան. «Դուք խոսում եք Ազգային ժողովի պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք եւ Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ որն է ավելի վատ՝ հասկանալով որտեղ եք գտնվում եւ նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արարատ Միրզոյանը թիմակիցների հետ զրույցում ասել է, որ անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ, Միրզոյանի պնդմամբ՝ վերջինս զուսպ անձնավորություն է, եւ պետք չէր նրան զրկել մանդատից, քանի որ կան այլ պատգամավորներ ովքեր խայտառակ միջադեպերի կենտրոնում են հայտնվել, բայց Փաշինյանը նրանց հանդեպ բարեհաճ է գտնվում ու չի պատժում: Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է, ու հիմա Փաշինյանի՝ Զեյնալյանին մանդատից զրկելու հարցը խիստ վրդովվեցրել է նրան, ինչի մասին արտահայտվել է նաեւ վարչության անդամների մոտ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԳՆ՝ պարզելու, թե ինչպես է Արարատ Միրզոյանը վերաբերում Նարեկ Զեյնալյանի պաշտոնանկությանը: ԱԳՆ-ից, սակայն, հրաժարվեցին հարցին պատասխանելուց՝ պատճառաբանելով, թե այն տեղեկություն պարզելու նպատակով չէ, այլ գնահատականի, որը չեն կարող տալ»: