Արցախի իշխանությունը չի խուսափում պատասխանատվությունից․ Աշոտ Դանիելյան

Կես տարի է, ինչ Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է։ Այս ընթացքում, թե ինչ քայլեր է արել Արցախը իրավիճակը շտկելու համար և ինչ սպասել ապագայում, MediaHub-ը հետաքրքրվեց ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանից։
-Պարոն Դանիելյան, 180 օր է`Արցախը շրջափակման մեջ է։ Ի՞նչ են անում արցախյան իշխանությունները, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Բացի հայտարարություններից ԱՀ Կառավարությունը, կարծես թե, այլ գործողություններ չի անում։
-Այո, օրերս կլրանա կես տարին, ինչ Արցախն ու 120.000 արցախահայություն գտնվում է շրջափակման մեջ: Նշեմ, որ հայտարարաություններ Արցախի իշխանության կողմից արվել են կեղծ էկոակտիվիստների գործողությունների առաջին իսկ օրերից: Միջազգային հանրությանը հստակ ներկայացվել է, որ Ադրբեջանի կողմից անօրինական գործողություններ են իրականացվում, որը հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Ինչպես տեղյակ եք, միջազգային հանրությունը իր դիրքորոշումը այս կապակցությամբ հայտնել է՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում նշելով, որ Ադրբեջանի գործողություններն անօրինական են ու անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակից դուրս գալու համար, այն է՝ անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Բաքվին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների երկկողմ տեղաշարժը։ Սակայն այդ որոշումից ամիսներ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն և փակ պահել միջանցքը։
Ինչ վերաբերում է Արցախի իշխանության գործողություններին, պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետությունը միջազգային հարթակներում չունի ներկայացվածություն, փոխարենը ունի ՀՀ-ն և ենթադրվում է, որ ավելի գործուն քայլեր միջազգային հարթակներում պետք է անի ՀՀ-ն: Ստեղծված հումանիտար իրավիճակում այսօր Արցախի իշխանությունը քայլեր է ձեռնարկում հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովումը այսօր առաջանային խնդիրներից է հանդիսանում:
-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե ողջ պատասխանատվությունն իր ձեռքերում է։ Այս դեպքում ի՞նչ քայլեր են արվում։ Պատասխանատվություն ասելով ի՞նչ նկատի ունի նախագահը, երբ նաև արցախյան իշխանություններն են ասում, որ ՀՀ իշխանությունը պետք է գործուն քայլերի անցնի։
-Իշխանություն ինքնին ենթադրում է պատասխանատվություն և Արցախի իշխանությունը չի խուսափում պատասխանատվությունից: Ամբողջ պատասխանատվությունը իշխանությունը վերցրել է իր վրա ու ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քայլեր են ձեռնարկվում: Հաշվի առնելով անվտանգային որոշ խնդիրներ՝ հանրությանը և լրատվամիջոցներին գուցե ոչ ամբողջական տեղեկությունն է ներկայացվում:
-ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է և ասում է, որ բանակցողը պետք է Արցախը լինի։ Արդյո՞ք նախագահի հետ քննարկումներ ունեցել եք, որպեսզի վերջինս երկխոսի Ադրբեջանի հետ՝ այն ձևաչափով, որն առաջ է քաշում պաշտոնական Երևանը:
-Ղարաբաղյան հակամարտության բանակացային գործընթացում միշտ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից նշվել է, որ ինչ-որ փուլում բանակցությունների սեղանին պետք է լինի նաև Արցախը, սակայն, ինչպես տեսնում ենք, այսօրվա ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը չի համապատասխանում իրականությանը և ՀՀ իշխանության կողմից վարած քաղաքականության հետևանքով այսօր Արցախը միայնակ է մնացել Ադրբեջանի հետ: Բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ նախագահ Արայիկ Հարությունյանը, ողջունելով Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ, ընդգծել է, որ անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ: Նա հստակ ընգծել է՝ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա մեր ժողովրդի կամքն է: Իսկ ինչ վերաբերում է երկոսխությանը, ապա պետք է նշեմ, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են։
Լիաննա Թորոսյան