ՀՀ-ն առաջին երկիրն է, որ այդ սպառազինությունը գնում է Հնդկաստանից․ հարց է՝ որքանով է այն արդյունավետ․ Վրթանեսյան 

ՀՀ-ն առաջին երկիրն է, որ այդ սպառազինությունը գնում է Հնդկաստանից․ հարց է՝ որքանով է այն արդյունավետ․ Վրթանեսյան 

Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի մեր թե՛ ֆորմալ դաշնակիցների, թե՛ բնական դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնի։ Իր դժգոհությունը երեսպաշտություն է, հերթական փորձն իր ավիրածի համար մեղքն այլոց վրա բարդելու, այս անգամ, զարմանալիորեն, ադրբեջանցիների։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը որոշ հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք և ռազմամթերք չմատակարարվի։

«Բաքուն, բնականաբար, մեզ խանգարելու է բոլոր մակարդակներում, ինչո՞ւ է Փաշինյանը դրանից զարմանում, ումի՞ց է սփոփանքի խոսքեր ակնկալում, ադրբեջանցիների թշնամական քայլերի և իր՝ որպես երկրի ղեկավար, իբր, անկարողության, մասին պատմելով։ Եթե իսկապես ցանկանում է, բայց չի կարողանում չեզոքացնել ադրբեջանցիների թշնամական գործողությունները, պետք անմիջապես  հրաժարական տա»,-ասաց նա։ 

Անդրադառնալով բուռն քննարկվող այն թեմային, որ Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 270 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի, փորձագետը նկատեց, որ Հնդկաստանը իր սպառազինությունը մեզ վաճառում է շուկայական գնով և շեշտեց, որ մենք առաջին երկիրն ենք, որ այն գնում ենք։ 

«Նշանակում է՝ դեռ հարց է, թե ինչքանով է արդյունավետ, որակյալ այդ սպառազինությունը։ Այս աշխարհում ոչ մի երկիր մյուսին հենց այնպես լավություն չի անում։ Բոլորն էլ իրենց շահն են հետապնդում, դա բնական է։ Անբնական է, երբ Հայաստանի ղեկավարի բազկաթոռում նստած մարդը փորձում է ապուշի տեղ դնել մարդկանց ու զարմանք է բեմադրում, որ Հայաստանի թշնամիները (ինչքա՜ն անսպասելի է) խանգարում են Հայաստանին միջազգային ասպարեզում»,-նկատեց Վրթանեսյանը։ 

Ճշտող հարցին՝ փաստորեն, ՀԱՊԿ-ը մեզ չի՞ խանգարում այլ երկրներից զենք գնելու հարցում, վերջինս պատասխանեց՝ ըստ Փաշինյանի՝ այսօր իրեն ադրբեջանցիներն են խանգարում։ 

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին ընդհանրապես, ապա դա առաջին կառույցն էր, որի հետ Փաշինյանը փչացրեց Հայաստանի հարաբերությունները։ Ընդ որում, եթե հիշում եք հրապարակված հայտնի գաղտնալսումը, նրան զգուշացնում էին, որ իր քայլերը բերելու են բացասական լուրջ հետևանքների»,-ամփոփեց նա։ 


Լիաննա Թորոսյան