ՔՊ-ական երեսպաշտությունը՝ Եռաբլուրում

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել որոշ ՔՊ-ականներ, մասնավորապես, Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանը, որոնք իրենց համարում են Վազգեն Սարգսյանի զինակիցը ու որքան էլ ծիծաղելի լինի՝ նրա գործի շարունակողը։
Առավել մեծ անարգանք Վազգեն Սարգսյանի հիշատակին, քան այս երկուսի ակտիվությունը Սպարապետի հետ կապված կոնկրետ օրերին, դժվար է պատկերացնել, որովհետև զինակից լինել չի նշանակում ժամանակին ճանաչել որևէ մեկին, այլ նրա թողած ժառանգությունը եթե ոչ ավելացնելը, ապա՝ գոնե չփոշիացնելը։
Գուցե և այս երկուսը Արցախյան առաջին պատերազմում որոշ ներդրում ունեցել են, սակայն ոչ ոք պարտավոր չէ դիմացինին հարգել միայն նրա անցյալի համար այն դեպքում, երբ ներկան անփառունակ է ու ազգադավ։
Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններին հլու հնազանդ ծառայած, այնուհետև «գցած» Սասուն Միքայելյանն իրեն համարում է Արցախն ազատագրած Վազգեն Սարգսյանի զինակիցն ու գործի շարունակողը։ Սակայն նույն Սասունը 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն ավելի մեծ իրադարձություն համարեց, քան արցախյան ազատամարտը։
Սասուն Միքայելյանն իրեն համարում է Վազգեն Սարգսյանի ժառանգորդը, այն Վազգենի, որը հորդորում էր հանուն հայրենիքի փրկության կազմել մահապարտների ջոկատ, իսկ Սասունը առիթը բաց չի թողնում հեզության ու խոնարհության կոչ անելու՝ հայտարարելով, որ մենք պետք է խելոք մնանք։
Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, ապա լրագրողների վրա հոխորտալու ընթացքում թող գոնե մի անգամ ասի՝ վերջապես ստացա՞վ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակի պատասխանը, երբ Վազգեն Սարգսյանին դեռ հողին չհանձնած, պաշտոն էր աղերսում նրանից, թե՞ այդ նամակի պատասխանը պետք է փնտրել Վահան Շիրխանյանի արխիվում։
Իհարկե յուրաքանչյուրի իրավունքն է գնալ Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել ցանկացածի շիրիմին կամ բոլորին միաժամանակ, սակայն, շատերը վաստակել են արժանապատվորեն Եռաբլուր մտնելու իրավունքը, ոմանք էլ, իրավամբ, պետք է այնտեղ գնան անաղմուկ ու հնարավորինս մարդկանց աչքից հեռու։
Կարեն Կարապետյան