Սուրեն Պապիկյանն այցելել է 2022-ի ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամաս

Սուրեն Պապիկյանն այցելել է 2022-ի ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամաս

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։ Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։

Նախարարը նաև ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ 2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար, զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասի հրամանատարին է հանձնել պատվո դրոշը»,-գրել է մամուլի քարտուղարը։