Նախկինները տվել էին, Ալիևն էլ սպասում էր, որ Նիկո՞լը գա հանձնի Արցախը
Շատ հեշտ է ասել՝ ես մեղավոր չեմ, կան գործակալներ, կան դավաճաններ, «հինգերորդ շարասյուն»։ Այդ մասին 168.am-ի հետ հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ բանակում դավաճաններ ունենալու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ այդ լրտեսները, որ ասում են, հայտվել են 44-օրյա պատերազմից հետո։ Արթուր Վանեցյանն ասաց, որ պետք է ուսումնասիրել, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել, ի՞նչ են արել։
«Ունենք կալանավորված Միքայել Արզումանյան, ես կանխատեսում եմ՝ կասեն պետական գաղտնիք է պարունակում գործը, քննության մասին ինֆորմացիա չեն տա, ինչ որոշեն, դա կանեն։ Կամ Դավիթ Տոնոյանը, երկու տարի է անազատության մեջ է, որևէ ինֆորմացիա կա՞, թե ինչ գործով է, ինչի մեջ է մեղադրվում․ հրթիռների գործը փակված է։ Ես չգիտեմ՝ Դավիթ Տոնոյանն ինչով է նեղացրել»,- նշեց նա։
«Նորից եմ հարցնում՝ Դավիթ Տոնոյանն ինչո՞ւմ է մեղադրվում՝ անորակ հրթիռների գործո՞վ։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ քրեական գործում նման բան չկա։ Նրան շարունակում եմ փակի տակ պահել, որ էսօր ելույթ ունենան, մեղավորների անուն տալիս ասեն՝ Դավիթ Տոնոյանը, տեսեք, կալանավորված է»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ եթե այդ ժամանակ ինքն էլ աշխատելիս լիներ, իրեն էլ Փաշինյանը «կնստացներ»։
«Տասից ավելի քրեական գործերով մեղադրյալ էի, բոլորը կարճվեցին՝ հանցակազմի բացակայության պատճառով»,- տեղեկացրեց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով հայտարարություններին, թե նախկիններն էին տվել Արցախը, դեռ երեսուն տարի առաջ ամեն ինչ որոշված էր՝ Արթուր Վանեցյանը նշեց․ «Նախկինները տվել էին, բայց Ալիևը սպասում էր, որ Նիկո՞լը գա հանձնի Արցախը»։
Իսկ երբ ասում են՝ «ինչ անի՞ խեղճ Նիկոլը», ապա Արթուր Վանեցյանը պարզ ճանապարհը ներկայացրեց՝ թող գնա, ու թողնի, որ գան մարդիկ, որոնք կհասկանան՝ ինչ անել։
Մանրամասները՝ տեսանյութում։