Վարչապետին է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում առկա վիճակն ու հաշվետու տարում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բժշկական կենտրոնների, ԱԱՊԿ ՊՈԱԿ ֆիզիկական վիճակը, խնայողությունների հաշվին իրականացված ծրագրերը և առողջապահական միջոցառումները:
Նշվել է, որ միջոցառումների շրջանակում իրականացվել է 245 վիրահատություն Վահագն Ագլամիշյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնում, իրականացվել է մարզի դպրոցականների տեսողության սկրինինգ՝ 2100 շահառուի համար: Առողջապահական համակարգում ներդրումների մասով ներկայացվել է, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Եղեգնաձորի ԲԿ Համակարգչային շերտագրման (ՀՇ) բաժանմունքում, ձեռք է բերվել ՀՇ սարք: ԿԽՄԿ հովանավորությամբ հիմնվել է անհետաձգելի բուժօգնության 3 կայան Վայքի ԲՄ-ում, Ջերմուկի ԱԿ-ում և Խաչիկի ԲՄԿ-ում, ձեռք է բերվել շտապ բուժօգնության երկու մեքենա:
Զեկուցվել են վարչատարածքային բարեփոխումների, զբոսաշրջության, քաղաքաշինության, տրանսպորտային և ճանապարհաշինության ուղղությամբ կատարված աշխատանքները, մանրամասներ են ներկայացվել Վայոց ձորի մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման և կառուցվածքի վերականգնման մասին:
Ներկայացնելով 2021-2022թթ. Վայոց ձորի մարզի տնտեսական զարգացման ցուցանիշները, պատասխանատուները տեղեկացրել են, որ արդյունաբերության ոլորտում 2021 թ. համեմատ 2022-ին գրանցվել է 10,3 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 9,1 տոկոս աճ, շինարարության ոլորտում՝ 36,3 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում՝ 35,1 տոկոս աճ, առևտրի ոլորտում եղել է 1,1 տոկոս նվազում:
Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների սեփական եկամուտները նախատեսված են եղել 1 մլրդ 191 մլն դրամ, սակայն հավաքագրվել է 1 մլրդ 101 մլն դրամ սեփական եկամուտ: Կատարողականը կազմել է 92 տոկոսից ավելի: Նշվել է, որ զբոսաշրջության ոլորտն ունի սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն և այս բնագավառը մարզի գերակա ուղղություններից մեկն է:
Նախորդ տարվա ընթացքում մարզ է այցելել 175 հազար զբոսաշրջիկ, որը 2021 թվականի համեմատ ավելի է 17 հազարով: Վարչապետին նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի, Չիվա, Եղեգիս, Գոմք բնակավայրի նոր մոդուլային դպրոցների շինարարական աշխատանքները, Գետափի միջնակարգ դպրոցը նախագծման փուլում է, Եղեգնաձորի հիվանադանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մասնակի կարգավորվել են 9 դպրոցների առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, նորոգվել է Գլաձոր համայնքի ոռոգման ընդհանուր ջրագիծը:
Տեղեկացվել է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցել դեռևս 16 մանկավարժ, որոնց ամսական աշխատավարձը կրկնապատկվել է` դառնալով 250-300 հազար դրամ: Հաշվետվության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասով իրականացված աշխատանքներին: Վարչապետն ընդգծել է մարզպետարանների կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ինտենսիվության հարցում գործադիրին պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը` ծրագրերը շարունակաբար լավարկելու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խրախուսել ինտենսիվ գյուղատնտեսական ծրագրերը բնակչության շրջանում, որոնք էապես բարձրացնում են արդյունավետությունը:
Միաժամանակ, ընդգծվել է մարզում առկա մշակվող հողատարածքների ծավալների, ինտենսիվ այգիների ծրագրերի ընդլայնման, սպանդանոցների գործունեության խթանման, համայնքների սեփական եկամուտների շարունակական ավելացման, տարբեր համայնքներում սուբվենցիոն և այլ ծրագրերի միջոցով ճանապարհաշինական ծրագրերի ընդլայնման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև աշխատանքներ տանել ուսուցիչների շրջանում` ատեստավորվող մանկավարժների թիվն առաջիկայում ավելացնելու նպատակով:
Վարչապետը նշել է, որ իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում մանկավարժները կարող են գործունեությունը շարունակել անկախ տարիքից, այսինքն` մասնագիտական հմտությունների բերումով: Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նաև ճանապարհների զարգացման ռազմավարություն ունենալու, ճանապարհամերձ հատվածներում ապօրինի շինությունների դեմ պայքարի, ճանապարհների տեխնիկակական շերտի ապահովման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Վայոց ձորում ժամանակակից մարզական համալիրի կառուցման հնարավորությանը, զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներին և այլ ընթացիկ հարցերի: