Մամուլում շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում. «Արաբկիր» ԲԿ-ն հերքում է պնդումը, թե «մարդ են սպանել»

Մամուլում շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում. «Արաբկիր» ԲԿ-ն հերքում է պնդումը, թե «մարդ են սպանել»

Երեկ MediaHub-ը «Ստիպեցին, որ տղայիս դուրս գրենք հիվանդանոցից, երեխայիս սպանեցին․ 17-ամյա տղայի մայրը մեղադրում է բժիշկներին» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որում ներկայացված էին 17-ամյա Կոնստանտին Սուքիասյանի մահվան հանգամանքները:

Ըստ տղայի մոր՝ նյարդային անորեքսիա ախտորոշում ունեցող որդու մահվան մեղավորը «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներն են, որոնք սխալ ախտորոշում և բուժում են իրականացրել և բուժման ընթացքում էլ տղային «ստիպողաբար» դուրս են գրել հիվանդանոցից:

Պարզաբանում ստանալու համար MediaHub-ը դիմել էր նաև «Արաբկիր» ԲԿ-ին:

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ԲԿ-ից տեղեկացրել են, որ «Արաբկիր» բժշկական համալիրում երբևէ չի արձանագրվել դեպք, երբ ԲԿ-ի տնօրինությունը որևէ պացիենտի ծնողներին «ստիպել է» երեխային տանել հիվանդանոցից տուն, կամ որևէ այլ տեղաշարժ կատարել:

«Նմանապես բժշկական օգնության կարիք ունեցող որևէ պացիենտ չի կարող ստացիոնար բժշկական օգնություն ստանալ համալիրում և հետո դրա կարիքը լինելու դեպքում դուրս գրվել` տեղ չլինելու պատճառով:

Ինչ վերաբերում է տվյալ պացիենտի վիճակին, նրա ախտորոշմանը, նրա մոտ արձանագրված պաթոլոգիաներին և այլ խնդիրներին, վերջինիս ցուցաբերված բժշկական օգնությանը, բժիշկների տված ցուցումներին, նրան դուրս գրելու հանգամանքներին, ապա նախ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ մամուլում շրջանառվող վարկածները իրականությանը չեն համապատասխանում։ Բացի այդ, հարկ է նշել, որ վերոշարադրյալ տեղեկատվությունը պարունակում է բժշկական գաղտնիք, որի բացահայտման իրավունքը «Արաբկիր» ԲՀ-ն չունի»,- ասված է մեզ ուղարկված գրավոր պատասխանում:

Նարե Գնունի