Այս տարի կաթողիկոս չկար, որ քաշքշեին, սահմանափակվեցին շարքային քաղաքացիների մուտքը արգելելով

«Դեմոկրատիայի բաստիոն» հորջորջված Հայաստանում ոստիկանությունը փակում է ճանապարհները բոլոր այն հատվածներում, որտեղով պետք է անցնի դեմոկրատիայի հերն անիծողը՝ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր առավոտյան նմանատիպ իրավիճակ առաջացել էր Սարդարապատում, ուր իր հսկայական ավտոշարասյունով և «դեմոկրատ» թիմակիցներով այցելել էր Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցի Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման օրվան նվիրված միջոցառմանը։
Մի կողմ թողնենք, որ Հայաստանի Երրորդ հանրապետությունը կործանման տանող Փաշինյանը ցինիկաբար մասնակցում ու ելույթ է ունենում ի փառս «դաշնակների» կերտած Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առթիվ տոնական միջոցառմանը։
Ցինիզմն ու դեմագոգիան իր ճռճռան դրսևորումներն է ստանում, երբ տեսնում ես, որ Հայաստանի Հանրապետության շարքային և հպարտ քաղաքացիները ցանկանում են գնալ Սարդարապատ, և Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը փակում է ճանապարհներն ու արգելում մարդկանց մուտքը Սարդարապատ այն պահին, որ պահին «վոժդն» է լինելու։
Հարց է ծագում՝ ո՞ւմ համար է Հայաստանի Հանրապետության տոնը, եթե ոչ այդ հանրապետության քաղաքացիների, որոնց թույլ չեն տալիս մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին։ Եղան անգամ կանայք, որոնք ասացին՝ «զինվոր ունեինք, եկել էինք տեսնելու մեր զինվորներին, ու չթողեցին»։ Մի խումբ էլ էքսկուրսիա էր եկել, նորից չթողեցին, որովհետև Արցախը հանձնած ու այսօր Հայաստանի Հանրապետության 29.743 կմ-ի համար ելույթներ ունեցող մեկն է ժամանել Սարդարապատ։
Նախորդ տարի էլ, հիշեցնենք, Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան հոգևոր այրերին նիկոլական իրավապահները թույլ չտվեցին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր, որովհետև դարձյալ նա՛ էր այցելել՝ հայ եկեղեցու, հայկական և քրիստոնեական արժեքների դեմ պայքարողն ու այդ ամենը քաշքշողը, ոտնահարողը։
Ու այս մարդիկ դեռ դեմոկրատիայից, խոսքի ազատությունից և քաղաքացու իրավունքներից են խոսում։ Նրանց համար ՀՀ քաղաքացու իրավունքները սկսվում և սահմանափակվում են այնտեղ, որտեղ ծագում են իրենց քմահաճույքները։ ՀՀ քաղաքացին կարող է իր իրավունքն իրացնել միայն այն ժամանակ, երբ նույն տարածքում և նույն պահին ի ցույց չեն դրվի Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների բռնապետական «կապրիզները։
Վահե Մակարյան