Կոնկրետ ՄԱՊ-ից փող չեն ուզել, բայց եթե վրացիները փող են ուզում, դա կազդի մեր հարաբերությունների վրա․ Մակար Պետրոսյան

Մեկ ամսից ավելի է՝ հայ կոնյակագործները կանգնած են իրենց ապրանքը Ռուսաստան արտահանելու լուրջ խնդրի առջև, քանի որ վրացական կողմը անհարկի խոչընդոտներ է հարուցում Վրաստանով դեպի Ռուսաստան ապրանք փոխադրող հայկական բեռնատարների համար՝ օրերով պահելով դրանք սահմանին։ Այդ խնդրի առջև է կանգնած նաև «ՄԱՊ» ընկերությունը, որի ղեկավար Մակար Պետրոսյանի հետ զրուցել է MediaHub-ը։
-Պարո՛ն Պետրոսյան, ձեր ընկերությունն ունի՞ բեռնատարներ, որոնք այս պահին էլ դեռ կանգնած են հայ-վրացական սահմանին ու առաջ չեն շարաժվում։
-Այո, Ձեր ասած խնդիրը կա՝ մոտ մեկ ամսից ավելի արդեն, և դա տարբեր փուլերով է դրսևորվել։ Իմ ընկերության մեքենաները սկզբում կանգնեցվել են առաջին փուլով, երկրորդ փուլով մենք մեքենաներ չունեինք կանգնած՝ ամբողջությամբ անցնում էին, երրորդ փուլով հիմա նորից սկսել են կանգնեցնել։ Էս պահին մի քանի մեքենա ունենք կոնյակով բարձված, որոնք կանգնած են, ստուգումներ են անում։ Դրանից առաջ եղել են մեքենաներ, որոնք ստուգել են, և լաբորիատորիաներից ստացել են պատասխան, որ ամբողջը համապատասխանում է պահանջներին, և դրանք միանգամից բաց են թողել։ Այսինքն՝ էդ արանքում մեքենաները կանգնել են մոտ 15-20 օր։ Հիմա ունենք մի քանի մեքենա, որոնց բեռը դեռ լաբորատորիա չեն ուղարկել անալիզների։ Հուսով եմ՝ լաբորատորիա կուղարկեն, նորից կգա դրական պատասխան, և շատ հույս ունեմ, որ նորից մեքենաները բաց կթողնեն, կշարժվեն դեպի Ռուսաստան, կհասնեն մեր գործընկերներին։
Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ այդքան ինքնանպատակ չէ խմիչքը տեղ հասցնելը, այլ շատ կարևոր է, որ ժամանակին ես ապրանքը տեղ հասցնում, որովհետև շատ ժամանակ, երբ ուշացնում ես, պատվիրատուի համար մեկ, երկու, երեք՝ դառնում ես արդեն ոչ վստահելի և հուսալի, ու փոխում է քեզ՝ որպես գործընկեր։ Իսկ ամեն այդպիսի գործընկերոջ գտնելը մեր կողմից տարիների քրտնաջան աշխատանք է և հարաբերությունների պահպանում։
-Իսկ դա իրենց հետաքրքրո՞ւմ է, որ դուք հայ-վրացական սահմանին խնդիր ունեք, և դրա համար եք ուշացնում մատակարարարումը, ոչ թե անբարեխիղճ մատակարար եք դրա համար։
-Այո, հուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ Ռուսաստանի մեր բոլոր գործընկերները շատ ըմբռնումով են մոտենում և չեն առաջացնում բոլոր այն խնդիրները, որոնք պետք է առաջացնեին՝ ըստ պայմանագրերի։ Բայց նաև կարող եմ ասել, որ ամեն գործընկեր իր համբերության սահմանն ունի, և մտածում եմ, որ եթե մարդիկ մեկ, երկու ամիս տեսականորեն հնարավոր է, որ ըմբռնումով մոտենան և հասկանան, բայց կգա մի պահ, որ այլևս չեն ցանկանա աշխատել քեզ հետ, որովհետև խոչընդոտներ կան քեզ մոտ։
-Ձեզ համար պա՞րզ է, թե ինչու վերջին մեկ ամսում Վրաստանն այսպիսի խնդիրներ սկսեց հարուցել մեզ համար, քանի որ նախկինում այդպիսի բան չկար, և հետո Վրաստանն այս դեպքում հանդիսանում է տրանզիտ գոտի հայ արտահանողների համար, ինչո՞ւ որոշեցին հանկարծ ստուգել մեր բեռնատարները։
-Ճիշտն ասած՝ ես էդ թեմայի հետ կապված շատ տարբեր տեսակետներ եմ լսել, բայց քանի որ որևէ մեկը չի եղել պաշտոնական աղբյուր, այլ բոլորը եղել են թեպետ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի, որևիցե պաշտոնական հայտարարություն ես չեմ լսել, դրա համար Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Բայց և կարող եմ ասել, որ բոլոր մեքենաները, որոնք կանգնեցնում են, պարտադիր նմուշառում են վերցնում և ուղարկում են լաբորատորիա, իսկ մեքենաները պահում են Գիզիում, որը Թբիլիսիի մոտ ավտոկանգառ է, որ էնտեղ սպասեն մեքենաները։ Իմ ունեցած ինֆորմացիայով՝ բոլոր մեքենաներից նմուշառում են վերցնում և ուղարկում են լաբորատորիա՝ ապրանքի իսկությունն ու որակը ստուգելու համար։ Իմ ունեցած միակ պաշտոնական պատասխանը դա է, որ կարող եմ տալ։
-Իսկ ինչո՞ւ են այդպես անում, փո՞ղ են ուզում, եթե շատ ուղիղ ձևակերպեմ հարցը։
-Գիտե՞ք, զրույցներ շատ տարբեր են լինում, բայց որ պաշտոնապես ասեմ՝ ինձնից փող են ուզել, ապա կոնկրետ ինձնից փող չեն ուզել, կամ ասեմ, որ գիտեմ դեպքեր, որ ինչ-որ մեկից ուզել են՝ ոչ, բայց այդպիսի խոսակցություններ, այո, շատ կան։
-Օրինակ՝ ռուսական կողմից շատ ենք լսել, որ փող են ուզում, տալիս են, որ անցնեն։ Հիմա էլ վրացինե՞րն են ուզում փող աշխատել մեր հաշվին։
-Չեմ կարող պատասխանել, դժվար մտածեմ, որ ուզում են փող աշխատել մեր հաշվին, որովհետև ոչ մի ընկերություն ու բարեկամություն մի օրում չի ստեղծվում, և երկու երկրների ժողովուրդները, որ իրար եղբայրաբար են ընդունում, դա էլ մի օրվա բան չէ, դա տասնյակ տարիների աշխատանք է։ Ես գտնում եմ, որ եթե Ձեր ասածը ճիշտ լինի, այսինքն՝ փող են ուզում, դա կարող է նույնիսկ հետք թողնել մեր երկու ժողովուրդների հարաբերությունների միջև։ Մինչև հիմա հայերն ու վրացիներն ինչպե՞ս են եղել՝ որպես երկու հարազատ եղբայրներ մի ընտանիքում, դրա համար ո՞նց կարող է եղբայրը եղբոր նկատմամբ նման ոտնձգություն կատարել։ Դրա համար ես հակված չեմ էդ տարբերակին, որ փող են ուզում։ Ամեն դեպքում ես լիահույս եմ, որ եթե նույնիսկ կոնյակի որակն են ստուգում, ապա եկեք ֆիքսենք մեր մեջ, որ իրենք իսկապես կոնյակի որակն են ստուգում։
-Բայց իրենք իրավունք չունեն դեպի ՌԴ փոխադրվող ապրանքի որակը ստուգելու, քանզի Վրաստանը այս դեպքում հանդիսանում է որպես տրանզիտ գոտի։ Ի վերջո, այդ ապրանքն իրենց երկրում չի իրացվելու, և եթե նույնիսկ «թունավոր» է հայկական կոնյակը, ապա վրացիներին չի թունավորելու, այլ իրենց «բարեկամ» ռուսներին, թող տանեն՝ թունավորեն Ռուսաստանը, կործանեն այդ երկիրը, ի՞նչ վատ է։
-Նախ կուզեմ ասել, որ հայկական կոնյակը թունավոր չէ, այլ առողջարար է, և բոլորին խորհուրդ եմ տալիս օղի խմելու փոխարեն կոնյակ խմեն, իսկ եթե կոնյակ են խմում, թող հայկական կոնյակ խմեն։ Բայց ես իսկապես տեղյակ չեմ, այս հարցով ես խոսել եմ մեր էկոնոմիկայի նախարարության հետ, և պետք է ասեմ, որ նախարարությունը այս ամբողջ ընթացքում մեր կողքին է այս հարցով, բավականին շատ քննարկումներ ենք ունեցել, առաջարկություններ ենք արել, և իմ ունեցած ինֆորմացիայով՝ նախարարությունը սերտ համագործակցում է այս պահին վրացի գործընկերների հետ հարցին լուծում տալու համար։
-Բայց չի կարողանում տալ։ Այն, որ ձեր կողքին է, շատ լավ է, բայց որ հարցին լուծում չի կարողանում տալ, դա ակնհայտ է։
-Այո, ես կասեի՝ շատ լավ կլիներ, եթե նախարարությունը կարողանար շատ սեղմ ժամկետներում լուծում տար հարցին, բայց, ամեն դեպքում, եթե լուծում ստանում է ինչ-որ խնդիր, դա արդեն լավ է։ Բայց ամեն խնդիր չէ, որ հնարավորություն կա շատ արագ լուծում տալու։
-Վրաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիաները օգնեցի՞ն խնդրին լուծում տալու հարցում։
-Չեմ կարող ասել՝ օգնեցին, թե խանգարեցին, բայց կարող եմ մի բան ասել, որ ավելի լսելի դարձավ հայկական կոնյակ արտադրողների ձայնը, էդ մասով շատ ավելի տարածված խնդիր դարձավ։ Եվ ուզում եմ նաև ասել, որ էկոնոմիկայի նախարարության հետ կապված, բացի էն աշխատանքները, որ իրենք տանում են վրացի գործընկերների հետ, ու քանի որ կոնյակ արտադրողների բիզնեսը բավականին տխուր վիճակում է գտնվում հենց էս պահին, մենք վերջերս պաշտոնապես դիմել ենք մեր էկոնոմիկայի նախարարությանը և հավելյալ միջոցառումներ ենք խնդրել նախարարությունից, որոնք կնպաստեն բիզնեսը պահելու և չկործանվելու համար։ Օրինակ՝ հնարավոր է, ընկերություններ լինեն, որոնք ստիպված կլինեն հարկերն ուշացնել, հնարավոր է, որ աշխատավարձերի մասով խնդիրներ առաջանան, և որակյալ աշխատողները տեղափոխվեն այլ աշխատանքի, և դիմել ենք նախարարությանը, որ այն վարկերը, որոնք վերցրել էինք խաղողի մթերման համար, որոշակի փոփոխություններ, վերաձևակերպումներ անենք, ամսական ծանրաբեռնվածությունը քչացնենք, որպեսզի կարողանանք դիմակայել, մինչև որ խնդիրները լուծվեն։
-Եվ ի՞նչ պատասխան եք ստացել նախարարությունից, ընդառաջ գնացե՞լ են ձեր խնդիրներին։
-Դիտարկման վերցրել են և շրջանառության մեջ են դրել մեր բոլոր բարձրացրած հարցերը, վստահ եմ՝ հնարավորության սահմաններում ինչ-որ բան անպայման կանեն։ Ուզում եմ նաև շեշտել, որ նախարարությանը նաև խնդրանքով դիմել ենք, որ անպայման լաբորատորիա ունենանք Հայաստանում, որը կարող է ԵԱՏՄ գործող ԳՕՍՏ-ով հայկական կոնյակի որակը ստուգի, որովհետև այսօր Հայաստանում չկա այդ լաբորատորիան, և եթե մենք չունենք այն, մենք մեր անալիզները համապատասխանեցնում ենք Վրաստանի և Ռուսաստանի լաբորատորիաներում։ Սա և՛ ստրատեգիական նշանակություն ունի մեր արտադրողների համար, և՛ ճկունություն կարող է ապահովել, որովհետև, երբ մենք նմուշառումները վերցնում և ուղարկում ենք Ռուսաստան՝ անալիզի, դրանք միջինում տևում են 20 օրից 1 ամիս։ Եթե դա ունենանք Հայաստանում, դա կտևի մի քանի օր։ Սա՝ ճկունության մասով։
Իսկ ստրատեգիական մասով կարող եմ ասել, որ ելակետային նշանակություն ունի Հայաստանում լաբորիատորիա ունենալը։ Եթե ունենայինք լաբորատորիա, մեզ էսքան չէին կարողանա ճնշել։ Հիմա, եթե իմ կոնյակը վերցնում, տանում են Վրաստանի լաբորատորիայիում փորձաքննության, և ասում, ինչպես Դուք եք ասում, թույն է մեջը, ո՞վ կարող է ասել, որ թույն չի մեջը, ոչ ոք։ Բայց եթե դու ունենում ես քո լաբորատորիան, դու կարողանում ես ապացուցել, որ թույն չէ մեջը։ Բայց մենք այսօր այնքան տկլոր ենք այդ արգումենտների դեմ, որ ինչ ասում են, ասում ենք՝ «եղավ»։
-Լավ, հույս ունե՞ք, որ առաջիկայում կլուծվի այս խնդիրը։
-Նախ, շատ հույս ունեմ, որ կլուծվի, և կարծում եմ, որ եթե խնդիրը որակի չափանիշն է, այսինքն՝ որակն են ստուգում իրականում, ես լիահույս եմ, էն գործարանները, որոնք իրականում պահպանում են ստանդարտները և արտադրում են իսկապես հայկական կոնյակ, ապա իրենք խնդիրներ չեն ունենա։ Իսկ էն ընկերությունները, որոնք ստանդարտներից մի քիչ նույնիսկ ցածր արտադրանք են տալիս, ես լիահույս եմ, որ էդ միջոցառումները կբերեն նրան, որ նույնսիկ այդ ընկերությունները կսկսեն բարձր ստանդարտներով կոնյակ արտադրել։ Էս առումով Հայաստանը շահած կարող է դուրս գալ էս ամեն ինչից։
Վահե Մակարյան