Սասուն Միքայելյանն էլ է հայտնվել սեւ ցուցակում, Իշխանական զույգը կրկին Սյունիք է գնում․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար։ Վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, եւ լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ «հանձնողներին»։ Մասնավորապես ասել էր. «Արցախն ով կորցրել է, իրեն էլ հարցրու։ Ես եղել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից, մինչեւ այսօր էլ ես իմ գործն եմ անում, Արցախն ով է կորցրել, գնա՝ իրեն ասա»։ Հակադարձմանը՝ Դուք ավելի մոտ եք, ասել էր. «Մոտ եմ, չեմ ուզում խոսեմ էդ տականքներից, զզվում եմ իրանցից… Չտեսա՞ք՝ ով կորցրեց, չտեսա՞ք՝ ինչ արին»:
Դիտարկմանը, թե Փաշինյանի ժամանակ ենք կորցրել, ԵԿՄ նախագահը հորդորել է այլ դաշտ չտանել՝ «հերիք է»: ՔՊ-ում Սասուն Միքայելյանից պարզաբանում են պահանջել՝ ո՞ւմ նկատի ուներ։ Ինչպեսեւ սպասվում էր, Միքայելյանը խոսակցությունը նախկինների դաշտ է տարել, սակայն, ասում են՝ խիստ նեղվել է: Ի դեպ, վարչության վերջին նիստին նա ներկա չի եղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում խոշորացույցով հետեւում են մեկը մյուսին, իրար դեմ գործ տալիս, «բոչկա գլորում»՝ հույս ունենալով, որ մյուսներին փչացնելով, իրենց տեղը կլայնացնեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3,075,800 մարդ, ինչը 84,600-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ։
Այս տվյալները ներկայացված են ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տեղեկագրում։ Եթե փորձենք տարեկան համեմատությամբ տարբերությունը հասկանալ, ապա կարձանագրենք, որ 2022 թվականին ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2,937,500 մարդ, 2023 թվականին՝ 2,991,200 մարդ, 2024 թվականին՝ 3,075,800 մարդ։ Թեեւ Նիկոլ Փաշինյանի սահմանած «երազանքին» հասնելու համար դեռ շատ կա, բայց չնչին աճ, այնուամենայնիվ, կա։ Հիշեցնենք, որ համաձայն մինչեւ 2050 թվականի զարգացման ռազմավարության՝ Հայաստանը պետք է ունենա 5 մլն բնակչություն։ Հարկ է նշել, որ մշտական բնակչության աճը պայմանավորված է նաեւ բնական աճով՝ 2024 թվականին գրանցվել է 33,648 ծնունդ»։
«Հրապարակը» գրում է․
Իշխանական զույգը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, կրկին Սյունիք են գնում․ հունիսի 7-8-ին նրանք կլինեն Սիսիանում եւ Գորիսում։ Այցի հիմնական նպատակը տիկնոջ «Կրթվելը նորաձեւ է» արշավն է: Սակայն մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հատկապես Գորիսում շրջայց կատարելու, ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին, իրականում՝ ցույց տալու, որ ընդդիմադիր Առուշ Առուշանյանի ղեկավարած համայնքում անգամ ինքն ընդունելի ու սիրված ղեկավար է։ Սակայն նման այցերը նախապես մանրակրկիտ նախապատրաստվում են: Այս պահի դրությամբ դեռ Սյունիքի այցի հետ կապված՝ չկա հստակ որոշում․ եթե կարողանան «համապատասխան միջավայր» ապահովել, ապա այցը կկայանա։