Փաշինյանը Լոռու մարզպետի թեկնածու ունի. Վանաձորում կանխատեսում են՝ նա էլ երկար չի մնա

Փաշինյանը Լոռու մարզպետի թեկնածու ունի. Վանաձորում կանխատեսում են՝ նա էլ երկար չի մնա

Լոռու մարզպետարանը շատ արագ արձագանքեց փոփոխություններին. մարզպետարանի կայքում մարզպետի մասին տեղեկություն արդեն չկա՝ ո՛չ նկար, ո՛չ անուն-ազգանուն։ 
Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ընթացքում որոշումն ընթերցեց՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մինչ այդ արդեն նախկին մարզպետը չէր կարողացել մասնակցել գործադիրի այս տարվա  առաջին նիստին:

MediaHub-ի տեղեկություններով՝ Փաշինյանն արդեն մարզպետի թեկնածու ունի՝ “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության վարչության միակ կին անդամ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Վերջինս հայտնի է, որպես Փաշինյանի հավատարիմ ու վստահելի մարդ կուսակցությունում:

Դավոյանը MediaHub-ի զանգերին չպատասխանեց, իսկ մարզպետարանի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Գասպարյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղեկություն չունի Դավոյաի նշանակման հավանականության վերաբերյալ։ 

«Այստեղ չի եկել, այսօր մեզ պարոն Խաչատրյանը հրաժեշտ տվեց, շնորհակալություն հայտնեց և գնաց»,- փոխանցեց նա:
Մեր աղբյուրները հայտնում են, որ Դավոյանի նշանակումը չի ուշանա, հավանաբար հաջորդ հինգշաբթի, գործադիրի նիստի ժամանակ Դավոյանին կներկայացնեն որպես Լոռու նորանշանակ մարզպետ:

Վերջինս, ի դեպ, կարևոր առաքելություն ունի կատարելու՝ Վանաձորում ընտրությունների անցկացում: Մարզում խոսում են, որ Դավոյանը այս առաքելությունը պատվով դժվար թե կարողանա կատարել, այնպես որ չի բացառվում, որ մարզպետի պաշտոնում էլ երկար չի մնա:

Լիաննա Թորոսյան