Քննարկում են Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, Թիմին «դուխ» տալու նպատակով․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Լեւոն Քոչարյանը երեկ չբացառեց, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ իրեն կրկին կալանավայր ուղարկելու համար։ ՔՊ-ականներն այս օրերին քննարկում են այն հարցը, որ դատախազը պետք է մտնի ԱԺ` նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, սակայն, բացառում է դա, քանի որ քրեական գործում չկան նոր էական հանգամանքներ։
«Տեսականորեն դատախազությունն այդ գործառույթն ունի, բայց Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մեղադրյալը նույն գործով կարող է կրկին կալանավորվել միայն այն դեպքում, երբ առկա է նոր էական հանգամանք, որը մինչ այդ հայտնի չի եղել: Տվյալ դեպքում որեւէ նոր էական հանգամանքի մասին խոսք չի կարող լինել»,- ասաց նա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում գոյություն ունեցող լարվածությունն ու ներքին անհանգստությունները նորություն չեն, որքան էլ փորձ արվի ցույց տալ, թե «դուխով» մթնոլորտ է։ Հատկապես, որ մեծ մասը հիանալի տիրապետում է իրական սոցհարցումների տվյալներին, որոնց համաձայն Փաշինյանի վարկանիշը շարունակական անկում է գրանցում: Այդ իսկ պատճառով, մեր իշխանական աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ թիմակիցների «դուխը» տեղը պահելու համար: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, վերջին շրջանում «նոն ստոպ» ռեժիմում անցկացված ՔՊԿ վարչության նիստերում Նիկոլ Փաշինյանը փորձել է հավաստիացնել, թե ինքը՝ որպես գործոն, կա, ուժեղ է, «ինչ ուզի, կանի»:
Նաև հասկացրել է, որ ունի ալընտրանքային ծայրահեղ տարբերակ՝ ի դեմս նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե «դրա կարիքը հանկարծ առաջանա»։ Նիստի ընթացքում Փաշինյանը նաև ակնարկել է, որ ինքը կարող է այնպես անցկացնել այդ ընտրությունները՝ չխորշելով որևէ միջոցից, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում տեղ չունենա։
Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ընդգծել է, թե իրենք «կանցկացնեն» այնպիսի ընդդիմության, որը կասի և կանի այն ամենը, ինչը ցանկանում են իրենք։ Այս ամենի նպատակն առաջին հերթին թիմակիցներին ցույց տալն է, թե իրենք դեռ երկար են մնալու իշխանության, հեռանալու նպատակ չկա, մի խոսքով՝ «արխային»...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։
Վերջինս, սակայն, հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ազատման դիմում չի գրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա՝ աշխատանքից ազատման շուրջ լուրջ խմորումներ են գնացել քաղաքապետարանում:
Բանն այն է, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետերի նշանակումից հետո բաժանումներ է արել, թե նրանցից ով որ ոլորտը պետք է համակարգի: Ըստ այդմ, փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Եւ, ահա, Լեւոն Հովհաննիսյանն իր մոտ է կանչել Խորեն Գրիգորյանին ու ասել, որ այսուհետ պետք է հաշվետու լինի իրեն, պահանջել է նաեւ այսուհետ իրեն ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:
Մշտապես ինքնագործունեությամբ զբաղվող Խորեն Գրիգորյանին դուր չի եկել, որ իրեն պետք է այսուհետ վերահսկի Հովհաննիսյանը, եւ նա «սպառնացել է», թե ազատման դիմում կգրի: Այդ խոսակցության ընթացքում Հովհաննիսյանի աշխատասենյակում թեժ կռիվ է սկսվել:
Ավելի ուշ Տիգրան Ավինյանն իր մոտ է կանչել Լեւոն Հովհաննիսյանին եւ Խորեն Գրիգորյանին ու ասել է՝ պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները ու նորմալ աշխատեն միասին:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այդ օրը՝ մինչեւ ուշ ժամ, քաղաքապետարանում լարված իրավիճակ է եղել:
Երկար խոսակցություններից հետո Խորեն Գրիգորյանը հետ է կանգնել իր «սկզբունքային» որոշումից:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեեւ իրավիճակը ժամանակավորապես հարթվել է, բայց Հովհաննիսյան-Գրիգորյան հարաբերությունները մի օր պայթելու են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած երկուշաբթի օրը, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստից հետո, ուշագրավ զրույց է ծավալվել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ քաղաքապետարանի պաշտոնյաների միջեւ, որոնք ի պաշտոնե մասնակցում են այդ նիստերին: Մասնակցում են նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչները: Այդ օրը Ավինյանը սպասել է, որ վերջիններս հեռանան, նախապես քաղաքապետարանի իր ենթականերին տեղեկացրել է, որ առանձին զրույց ունի։
Ապա զգուշացրել է, թե Աստված չանի՝ իմանամ, որ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել եւս՝ նրա հետ հարգալից՝ «պարոն»-ով է դիմել ու կատարել հրամանները։ Իր խոսքում ասել է, որ ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է թափառող շներով զբաղվող վարչությունը զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները։
Բանն այն է, որ շորթման մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը` Դոգը, վերջին շրջանում կենտրոնացել է քաղաքային խնդիրների վրա եւ հենց ուղիղ եթերում զանգում է քաղաքապետարանի պաշտոնյաներին ու նրանց հրահանգում-սպառնում, որ եթե մինչեւ իր նշած ժամկետը այս կամ այն բանն արած չլինեն, լավ չի լինի: Ավինյանը շեշտել է, որ Երեւանը մի քաղաքապետ ունի, եւ իրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան։
Ի դեպ, ներկաները հետո տարակուսանք են հայտնել, որ Ավինյանն ընտրվել է նաեւ Դոգի կուսակիցների ապահոված քվորումի շնորհիվ եւ առաջիկայում ավագանու շատ որոշումներ ընդունելու համար նորից նրանց քվեների կարիքը պետք է ունենա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Գնալով ավելի մեծ քանակի էլեկտրական մեքենաներ են հայտնվում Հայաստանի փողոցներում: Ընդ որում, ժամանակի հետ մեծանում են թե՛ առաջարկը, թե՛ ընտրության սպեկտրը, թե՛ պահանջարկը: Այսուամենայնիվ, շատերի համար մտահոգիչ է մնում էլեկտրամոբիլների լիցքավորման հարցը. բանն այն է, որ ինչքան էլ անընդհատ դրանց քանակն ավելանում է, հիմնական կետերը մայրաքաղաքում են, իսկ Երևանից դուրս, մեղմ ասած, դրանք շատ չեն: Սա անհանգստացնում է էլեկտրական մեքենայի անցնել ցանկացողներին, որ հանկարծ գուցե մնան ճանապարհին: Մյուս խնդիրը արագ լիցքավորման հարցն է, քանի որ Հայաստանում գործող շատ կայաններում ամբողջական լիցքավորման համար ժամեր են անհրաժեշտ:
Այս խնդիրն արդեն, կարծես, լուծում է ստացել մասնավորաբար «Թիմ Տելեկոմ Արմենիայի» շնորհիվ: Վերջինս մեկնարկել է «Թիմ Էներջի» նախագիծը, որի շրջանակներում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ընդ որում, խոսքը 160 կՎտ հզորությամբ արագ լիցքավորման կայանների մասին է, ինչը նշանակում է, որ էլեկտրական մեքենա ունեցող վարորդները Հայաստանում երբեք ճանապարհին չեն մնա, իսկ մեքենան «Թիմ Էներջի» կայաններում կարող են լիցքավորել կարճ ժամանակամիջոցում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, նպատակ կա տեղադրել մինչև 240 կՎտ հզորությամբ կայաններ, ինչն առավել կարագացնի լիցքավորման ընթացքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խոստովանում է, որ նոր չափորոշիչներով դասագրքերի տպագրման եւ ստեղծման գործընթացը, ըստ էության, տապալել է։ Ավելին՝ կառույցն այժմ փորձում է փրկել իրավիճակը։Բանն այն է, որ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկում է հանձնաժողով ստեղծել։ Հիմնավորման մեջ կառույցը խոստովանում է. «Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ, մասնավորապես, սահմանված կարգով ուսուցչական համայնքից ընտրված մասնագետների շտեմարանից ձեւավորված մասնագիտական խմբերում գիտականությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխանությանը, ինպես նաեւ բովանդակային այլ հարցերի ուսումնասիրությունը մասնագետների կողմից որոշ դեպքերում իրականացվել է ոչ պատշաճ կերպով՝ խախտելով ընթացակարգային պահանջները:
Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն»։
Այսինքն՝ խոստովանում են, որ խախտումներ եղել են, սակայն հիմա էլ որոշել են հանձնաժողով ստեղծել, որ պատասխանատվությունը հետագա ձախողման դնեն այդ խմբի վրա։ Ըստ ամենայնի, դա էլ կտապալի նախարար Ժաննա Անդրեասյանը, պարզապես մտադիր է ի սկզբանե մեղավորներ փնտրել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դեկտեմբերի 1-ին անցկացվելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթ: Այս պաշտոնին հավակնում է գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018 թվականից ղեկավարում է բուհը: Հավանաբար, Ուռուտյանը կրկին կընտրվի, քանի որ յուրայինների շրջանում հայտարարել է, որ վայելում է իշխանության վերին էշելոնների աներկբա աջակցությունը: Համալսարանից մեզ հայտնեցին, որ առաջադրվելու ցանկություն ունի նաեւ չորս պրոռեկտորներից մեկը:
Ըստ երեւույթին, այս առաջադրումն արվելու է ընտրությունների մրցակցային իմիտացիան ապահովելու նպատակով: Թե ինչով է բացատրվում Ուռուտյանի՝ երկրորդ անգամ ընտրվելու ցանկությունը, առավել եւս` ինչու է իշխանությունը որոշել նրան աջակցել, շարքային քաղաքացուն եւ հատկապես բուհի պրոֆեսորադասախոսական կազմին անհայտ է, քանի որ նրա իրականացրած «բարեփոխումների» հետեւանքով վերջին 5 տարիներին շեշտակի նվազել է ուսանողների եւ աշխատողների թիվը, կան ֆակուլտետներ, որտեղ գեթ մեկ ուսանող չի դիմել: Օրինակ, միասնական քննությունների արդյունքում անցած տարի համալսարանի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 38, այս տարի առկա համակարգ՝ 54, հեռակա համակարգ՝ 26 դիմորդ: