Եկել եմ Եռաբլուր, որդուս տորթ եմ բաժին բերել, ծնունդս միասին ենք նշելու․ զոհված Հենրիկ Էլոյանի մայր

Եկել եմ Եռաբլուր, որդուս տորթ եմ բաժին բերել, ծնունդս միասին ենք նշելու․ զոհված Հենրիկ Էլոյանի մայր

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շատերի տունը դարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը։ Ծնողների մեծ մասն այնտեղ է անցկացնում օրը, ուրախության ու տխրության ժամին էլ առաջին միտքը սառը քարից լայն ժպիտով նայող տղային պատմում։

Այդպես է անում նաև տիկին Համեստը՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին նահատակված Հենրիկ Էլոյանի մայրը, որն այսօր իր ծնունդը նշում է որդու հետ, Եռաբլուրում։

Իր ծննդյան օրվա հետ կապված հույզերն ու ապրումները Հենրիկի հետ են կապված, ցանկությունը մեկն է՝ հնար լիներ որդուն գրկելու։

«Թող կողքիս լիներ, հետս լիներ, իրեն գրկեի։ Մենակ դա կուզեի»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է տիկին Համեստը, որ որդուն իր տորթից բաժին է տարել ու որոշել «սրճել» նրա հետ։

Մայրը ժպիտով է հիշում, թե ինչպես էր որդին նախքան բանակ զորակոչվելը պատրաստվում իր ծննդյան տարեդարձին։

«Վերջին ագնամ տոնական փայլուն ժապավենի վրա իմ նկարներն էր ամրացրել, կապել առաստաղից»,- պատմեց տիկին Համեստը։

Նա նշեց, որ այս պահին որդուն մի բան կասեր․

«Մերդ մեռներ, ախր ո՞նց իմ մասին չմտածեցիր, ո՞նց մենակ ընկերներիդ մասին մտածեցիր ու իրենց կյանքը փրկելու համար քոնը զոհեցիր»։

Որդին՝ Հենրիկը հոկտեմբերի 7-ին բեկորային վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել հոսպիտալ։

«Հոսպիտալում եղած ժամանակ վիճում էր և՛ բժիշկների հետ, և՛ մեր հետ, ընկերների հետ էր խոսում, միասին լացում էին։ Մտքով ծառայակից ընկերների հետ էր։ Ու այդպես հասավ նրան, որ հոկտեմբերի 26-ին իր պահանջով հոսպիտալից դուրս գրվեց ու մեկնեց Արցախ, միացավ ծառայակից ընկերներին։ Նախ տարել էին Շուշի, հետո Կարմիր Շուկա, որտեղ էլ հոկտեմբերի 28-ին հերոսի մահով ընկավ»,- պատմում է մայրը, ապա լռում, մտքերի կծիկը քանդում՝ որդու ջերմացնող ժպիտն ավելի մոտ զգալու համար։

Նարե Գնունի