Շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել, Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում սկսվող սահմանազատման գործընթացի ժամանակ ասում էր․ «Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առեւտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարող ա՞ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»։
Սակայն սահմանազատումից հետո Կիրանցի կենսագործունեությունը խաթարվել է, ադրբեջանցիները վախի մթնոլորտ են ստեղծել, միջադեպեր են հրահրում՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհի հետ կապված, պնդելով, թե կան հատվածներ, որ հայկական կողմն Ադրբեջանի տարածքում է կառուցում` թույլ չեն տալու կառուցումն ավարտվի։
Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում։ Բնակիչների հետ հոգեբանական զրույցների համար, ասում են, ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է պարբերաբար «գործուղվում» Կիրանց, որ համերկրացիներին համոզի, թե առաջիկայում ամեն բան լավ է լինելու, ամեն ինչ իր տեղն է ընկնելու։
Բանն այն է, որ ունեցվածքից զրկված կիրանցեցիների փոխհատուցման հարցն էլ է շարունակում օդից կախված մնալ, ավելի քան 50 գույք է անցել Ադրբեջանին` 2 տուն, 3 կրպակ եւ հողատարածքներ: Գյուղում խոսում են, որ նրանցից 7-ը կտրականապես հրաժարվել է փոխհատուցումից, իսկ համաձայնողներից շատերն առայսօր չեն ստացել փոխհատուցումը եւ տեղյակ էլ չեն, թե խոսքը որքան գումարի մասին է, քանի որ բանավոր խոստումները թղթի վրա չեն արձանագրվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր եւ ամենամերժելին համարում:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2014 թվականից «Հայկական ժամանակ»-ը պատկանում է Փաշինյանի քաղաքացիական զոքանչին:
Եթե, օրինակ, Սուրեն Խաչատրյանի գիտությունների դոկտոր լինելը Նիկոլ Փաշինյանը համարում էր զավեշտալի, կամ Գագիկ Խաչատրյանին քննադատում էր, թե բոլոր բարեկամների անուններով բիզնեսներ է գրանցել, ապա պարզվում է, որ ինքն էլ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն` «Հայկական Ժամանակ» թերթը, փաստացի գրանցել է Աննա Հակոբյանի թոշակառու, ապաքաղաքական եւ ընդհանրապես բիզնեսից եւ քաղաքականությունից հեռու մայրիկի անունով:
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով բազում վարույթներ ունեն, սակայն միայն ընդդիմադիրների նկատմամբ։ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամների իրական եկամուտներն ու հետաքրքրությունները «վրիպում» են իրավապահների աչքերից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է գնալ մարզեր, համայնքներ, հանդիպել մարդկանց հետ, զրուցել: Երեկ Բագրատ սրբազանն ու իր համախոհներն այցելել են Երեւանի Ավան թաղամաս, շրջել Ծարավ աղբյուրի միկրոթաղամասում, որտեղ մեծ թվով լրագրողներ, արվեստագետներ են ապրում: Սրբազանը մեկ-մեկուկես ժամ շրջել է թաղամասում, նկարվել երեխաների հետ, պատասխանել մեծահասակների հարցերին: Նրան է միացել երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով նույնպես այդ թաղամասում է ապրում:
Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն նախընտրական քարոզարշա՞վ է սկսվել երկրում, եւ դուք էլ արդեն քարոզչություն եք իրականացնում: Դանիելյանն ասել է, որ շարժումը քաղաքական ուժ չէ, ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, իրենք ընդամենը իրազեկում են բնակչությանը, թե ինչ վտանգներ են սպասվումմեր երկրին առաջիկայում»: