Ամբոխահաճո ելույթների սեզոնը հայտարարվում է բացված. քաղաքացիները Փաշինյանին չեն հավատում

Ամբոխահաճո ելույթների սեզոնը հայտարարվում է բացված. քաղաքացիները Փաշինյանին չեն հավատում

Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Այս մասին պնդում է ոչ միայն ընդդիմադիր դաշտը ու քաղաքագետները, որոնք հետևում են փաշինյանական վայրիվերումներին, այլև նրանք, ովքեր ակտիվ հետևում են նրա անձնական գրառումներին, մեկնաբանում դրանք: Չգիտենք՝ ժամանակին հավատացել, վստահել են Փաշինյանին, թե ոչ, բայց այսօր նրա գրառումների տակ շատ են բացասական երանգավորմամբ մեկնաբանությունները:

Ասել է թե՝ մարդիկ կամաց-կամաց (մի քիչ երկար տևեց այս գործընթացը, բայց դե լավ է ուշ, քան ավելի ուշ) հասկանում են, որ այս ամբողջ ընթացքում Փաշինյանը նրանց հայտնի կենդանու տեղ է դրել և այլևս չեն ուզում լինել, մեղմ ասած, ավանակի դերում: Ահավասիկ, եթե դեռ չորս-հինգ տարի առաջ քաղաքացիների մեծամասնությունը հավատում էին նրան, որ Փաշինյանը կոռուպցիայի դեմ աննահանջ ու ազնիվ պայքար է մղում, նախկիններն էլ, որ ներկայացվում են իբրև «բոբո», հենց այդպիսինն են ու բոլորը միայն ու միայն թալանել ու ապօրինի հարստացել են, հիմա արդեն այդքան էլ կուրորեն նման հայտարարություններին չեն հավատում, ավելին՝ հանդգնում են հակադարձել:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանը, որն արդեն մեկնարկել է քարոզարշավը և ամեն օր հանրությանը հրամցնում է տարատեսակ բովանդակությամբ տեսանյութերով, թե ինչով է հագեցած իր օրը, ինչ է անում նա առավոտյան, երբ քաղաքը քնած է (դե, արդեն ցուրտ է, հեծանիվ շատ չի քշում), ինչպես է սուրճ խմում կամ տպում համակարգչի վրա, այսօր գրառում է արել իր «սիրելի» նախկինների մասին: Բոլորս ենք, չէ՞, հասկանում, որ սա իր  ամենասիրելի «ֆիշկան է», որը նրան նախկինում հաջողություն է բերել, հիմա էլ հույս ունի կրկնել այդ հաջողությունը: Բայց ամեն բան ունի իր ժամկետը և մարդիկ այսօր հստակ հասկանում են, որ նախկինների «բոբո ու թալանչի» լինելը այդքան էլ չի տարբերվում այն թալանչիներից, որոնց ծնեց Փաշինյանի իշխանությունը: Օրինակները շատ են, թե ինչպես են նախկինում առաքիչ, բենզալցակայանում կամ տաքսու վարորդ աշխատած, իսկ այսօր պաշտոնի նշանակված «քայլարածները» դարձել միլիոնատերեր ու ընդամենը մի քանի տարում Երևանում առնվազն մեկ-երկու բնակարանի տեր դարձել: Էլ մնացածը չասենք:

Այսինքն այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը գրում է, մեջբերում ենք.

«Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ.  
#հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ)  վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը», մարդիկ հարց են հնչեցնում՝ իսկ ե՞րբ է Փաշինյանը #հատիկառհատիկ ներկայացնելու իր թիմակիցների թալանածը, նրանց կտրուկ հարստանալու սխեմաները, և ամենակարևոր հարցը՝ իսկ ինչո՞վ եք դուք տարբերվում այդ «նախկիններից»:

Պատասխանը հայտնի է բոլորին: Նաև հանրությանը, որ արդեն հակադարձ մեկնաբանում է Փաշինյանի գրառումները: Օրինակ, օգտատերերից մեկը վերը նշված գրառման տակ գրել է.

«Ընտրություններն են մոտենում, ամբոխահաճո ելույթների սեզոնը հայտարարվում է բացված: #կոպեկառկոպեկ #ոչմիձուկոչմիմուկ #պողպատեմանդատ #մուրճ և սեզոնի հիթը #վենդետաչիլինելու»:

Այո, նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է, Փաշինյանը տիկնոջ հետ ակտիվ քարոզարշավ է անում՝ հին ու փորձված մեթոդները գործի դնելով, բայց արդյո՞ք քաղաքացիները այս անգամ էլ ականջները կախ այդ «ոչ մի մուկ-ձուկ»-ին հավատալու են ու ևս մի քանի տարով երկարաձգելու փաշինյանական իշխանության հարստացման ու միլիոնատերերի թվի ավելացմանն ժամանակահատվածը: