Թալինի համայնքապետարանի աշխատակիցը դիմել է ԱԱԾ՝ իրեն կաշառք առաջարկելու համար
Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենը իր օգտին ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարան՝ Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալելու նպատակով: Համայնքապետարանը, սակայն, հաշվի առնելով, որ ընկերության կողմից արդյունահանվելիք հանքանյութը վերամշակվելու է համայնքի հանդեպ ստանձնած ֆինանսական պարտավորությունները ժամանակին և ոչ բարեխիղճ կատարող, առանց հողի նպատակային նշանակության փոփոխության հանքարդյունաբերությամբ զբաղվող «Արագած Պեռլիտ» ՍՊ ընկերությանը պատկանող հանքանյութի վերամշակման գործարանում, որի աշխատանքի արդյունքում առաջացող փոշին վնասում է հարակից տարածքում գտնվող բերքը և բնակիչների մեծամասնության դժգոհության պատճառ հանդիսանում, դեմ է արտահայտվել հողատարածքը «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն, ինչի հիման վրա նշված ՍՊԸ-ի լիցենզավորումը մերժվել է:
Այնուհետև «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարանի աշխատակից Ս. Թ.-ին և վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին՝ կաշառքի դիմաց պեռլիտի հանքի շահագործման համար նոր լիցենզիա ստանալու հարցում, մասնավորապես՝ արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով Տ. Ս.-ի միջամտությամբ հանրային կրկնակի լսումներ կազմակերպել ու Թալինի համայնքապետարանի դիրքորոշման մասին նոր՝ դրական եզրակացություն ուղարկել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձարկման կենտրոն» ՊՈԱԿ:
Դրանից հետո Ս. Թ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, այդ թվում՝ «Կաշառք ստանալու նմանակում», որի շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:
Կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից:
Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: