III-րդ համաշխարհայի՞ն, թե զգուշավորություն. ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն զորքեր կուտակել ռուս-բելառուսական սահմանին

III-րդ համաշխարհայի՞ն, թե զգուշավորություն. ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն զորքեր կուտակել ռուս-բելառուսական սահմանին

Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նախապատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին «ինչպես մտավոր, այնպես էլ ռազմավարական առումով», ընդգծելով, որ դրա հնարավորության մասին մտավախությունները չի կարելի հիմնազուրկ համարել:

Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Մեզ պատերազմ պետք չէ, ուստի մենք պետք է պատրաստ լինենք դրան և՛ մտավոր, և՛ ռազմավարական առումներով»: 
Բելառուսի իշխանությունները հայտնել են 2024 թվականի սկզբից երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռների թռիչքների թվի աճի մասին։ Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ կենտրոնացած է Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ 32 հազար զինծառայող, ավելի քան 1000 զրահամեքենա, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ։ 
Խնդրի մասշտաբները և պահի լրջությունը հասկանալու համար MediaHub-ը զրուցեց բելառուսցի քաղաքագետ Ալեքսեյ Դերմանտի հետ:

«Այո, իսկապես, այսօր իր ելույթում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ նա ունի փակ տեղեկատվություն այն մասին, որ Արևմուտքում, ՆԱՏՕ-ի երկրներում, մասնավորապես Լեհաստանում ծրագրում են Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, և, որ այդ կերպ փորձում են փոխել իշխանությունը երկրում»,- ասաց մեր զրուցակիցը: 

Դերմանտը նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչների հետ նաև քննարկվում է սպասվող պատերազմի արդյունքները: 

«Նրանք ցանկանում են, որպեսզի արևմտյան տարածքներն անցնեն Լեհաստանին: Խոսքն այսպես ասած աշխարհի վերաձևավորման մասին է, որն էլ կարող է դառնալ III-րդ համաշխարհային պատերազմի պատճառ»

Քաղաքագետի խոսքով, այս ծրագրերը նաև լուրջ ձևով բարձրաձայնվում են, քննարկվում Արևմուտքում, այդ պատճառով Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ արեց լինել ուշադիր և պատրաստվել զարգացումների բոլոր հնարավոր սցենարներին: 

«Սա հնարավոր զարգացումների մասին նախազգուշացում էր ոչ միայն իր քաղաքացիներին, այլ նաև բոլոր բարեկամ պետություններին: Եվ սա ուղղակի հայտարարություններ չեն, այլ դրանում կա հստակ ինֆորմացիա: Մեր հետախուզությունն աշխատում է, մենք հասկանում ենք և շատ լուրջ ենք վերաբերվում նրան, թե ինչ են պլանավորում Արևմուտքում: Դրանք իսկապես լուրջ հայտարարություններ էին, հասկանալու համար, թե ինչ ռիսկեր կան մեզ համար»,- ընդգծեց քաղաքագետը:

Ռեբեկա Հովհաննիսյան