Փաշինյանը ստիպված է լինելու ականապատել որևէ տարածք ու քարտեզը հանձնել Ալիևին

Խաղաղության համաձայնագրի 17 դրույթների վերջնական համաձայնեցումից հետո Ալիևը առաջադրեց երկու նախապայման, որոնց՝ Հայաստանի կողմից բավարարման դեպքում, ըստ նրա, այլևս ոչինչ չի խոչընդոտի խաղաղության կնքմանը։ Այդ երկու նախապայմաններն են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ու ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։
Երկու նախապայմաններին էլ Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունը տվել է, ընդ որում առաջինի պարագայում արտահայտվել է նույն բառապաշարով, ինչ Ալիևը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն անիմաստ է, քանի որ Արցախի հարց այլևս գոյություն չունի (թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը երբեք չեն ասում Արցախ), իսկ երկրորդ նախապայմանը Նիկոլ Փաշինյանը բավարարում է փուլային տարբերակով։ Նախ պարտադրեց ՀՀ Սահմանադրական դատարանին, որպեսզի նա ՀՀ Սահմանադրությունում ամրագրված Անկախության հռչակագիրը համարի իրավական ուժ չունեցող, այնուհետև մոգոնեց «իրական Հայաստան» գաղափարախությունը, որին էլ հղում անելով կփոխի Սահմանադրությունն ամբողջությամբ։
Ու ՔՊ-ն կարող էր հասնել երանելի նիրվանային, եթե, նախ, Սարգիս խանդանյանի ադրբեջանցի գործընկերը նրան չանվաներ պոպուլիստ կապված հենց խաղաղության հետ, երկրորդը՝ չլիներ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակ Այխան Հաջիզադեյի հայտարարությունը։
Առաջինի դեպքում Սարգիս Խանդանյանն ուրախությամբ հայտարարեց, որ ընդունում է այդ պիտակը, սակայն երկրորդի պարագայում նույն Սարգիս Խանդանյանը պետք է համաձայնի, որ դա ոչ թե պիտակ է, այլ ճիշտ բնութագրում, որովհետև միայն պոպուլիստը կարող է անիմաստ խոսել խաղաղության մասին ու միակողմանի պատրաստվել ստորագրելու մի փաստաթուղթ, որը պահանջում է առնվազն երկկողմ ստորագրություն։
Իսկ եթե վերադառնանք Հաջիզադեին, ապա նրա բերանով Ադրբեջանն այսօր առաջ քաշեց նոր պայման ու նոր մեղադրանք։ Ըստ այդ պահանջ-մեղադրանքի, Հայաստանն իրենց է տրամադրել ականապատ տարածքների քարտեզների փոքր մասը, քանի որ, ըստ Բաքվի, կա շուրջ 1.5 միլիոն ական, բայց իրենց ձեռքի տակ է դրանցից 400 հազարի քարտեզը։
Հիմնավորումն էլ այն է, որ իբր ադրբեջանցիները պայթում են այն ականների վրա, որոնք քարտեզներում նշված չեն։ Հատկանշական է նաև, որ Ադրբեջանը ոչ միայն մեղադրում է ու պահանջում, այլև հորդորում է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում հայցեր ու բողոքներ չներկայացնել։
Սակայն ինչո՞ւ Ադրբեջանը հանկարծ հիշեց այդ քարտեզների մասին, հատկապես, որ տևական ժամանակ է, ինչ որևէ ադրբեջանցի չի պայթել։
Կա երկու պատճառ. մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ Իրանը։ Քանի որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սակայն Փաշինյանն ի հեճուկս Ալիևի անմիջապես համաձայնվում է նրա բոլոր պայմաններին ու շատ ավելի նախանձախնդիր է հետևում դրանց կատարմանը, քան հենց ինքը՝ Ալիևը, ապա վերջինիս անհրաժեշտ է անդադար նոր պայմաններ առաջադրելով հետաձգել այդ պայմանագրի ստորագրումը այնքան, որքան հնարավոր է։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա տարածաշրջանում սպասվում է պատերազմի նոր բորբոքում, որն իր կարևորությամբ շատ ավելի նշանակալից է ու ճակատագրական աշխարհի համար, քան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ շարունակելու է ռազմական օգնություն ցուցաբերել Պաղեստինի ժողովրդին, միաժամանակ շարունակելու է ռազմական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ։
Օրերս էլ փակեց օդային տարածքը, զորքերը բերելով մարտական բարձր պատրաստվածությամբ, այսինքն՝ Իրանը պատրաստվում է պատերազմի։ Նման պայմաններում Ադրբեջանը իրենց ՊՆ-ի կողմից ապատեղեկատվության տարածմանը զուգահեռ առաջ է քաշելու արդեն ոչ միայն նախապայմաններ, այլև մեղադրանքներ՝ հող նախապատրաստելով Իրանի շուրջ ծավալվող պատերազմի պարագայում դիմել էսկալացիայի Հայաստանի նկատմամբ։ Օգտվելով այդ առիթից, Ադրբեջանը կպոկի զգալի տարածք Հայաստանից ու չի լինի որևէ կողմ, որը կխոչընդոտի նրա գործողություններին։
Աշխարհի ու տարածաշրջանի երկրների ուշադրության կենտրոնում կլինի Իրանը, իսկ ՀՀ բանակը, ըստ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության, միայն այն ժամանակ հնարավոր կլինի բերել մարտական բարձր պատրաստվածության, երբ զինված ուժերում առկա բոլոր խնդիրները լուծվեն մանկապարտեզներում։
Իսկ եթե պատերազմ չլինի, ապա պայմանն արդեն առաջ է քաշված ու Նիկոլ Փաշինյանը պետք է այն բավարարի։ Իհարկե, առավել քան վստահ եմ, որ Փաշինյանը Ալիևին է հանձնել բոլոր քարտեզները ու 1.5 միլիոն ականի քարտեզ նա չունի, որովհետև այդչափ ականներ պարզապես չկան։ Միակ ելքն այն է, որ Փաշինյանը խնդրի Ալիևին, որպեսզի նա թույլ տա ականապատել Ադրբեջանին վերջերս հանձնված տարածքներից մեկը ու դրանց քարտեզը հանձնի Բաքվին։
Ժողովրդական ասացվածքի համաձայն՝ և՛ Ալիևը կուշտ կլինի, և՛ Փաշինյանը՝ ապահով։
Կարեն Կարապետյան