Դա վերջին տարիներին հորս կյանքի ամենաերջանիկ օրերն էին․ որդու և հայրենիքի կորուստին սիրտը չդիմացավ …

Դա վերջին տարիներին հորս կյանքի ամենաերջանիկ օրերն էին․ որդու և հայրենիքի կորուստին սիրտը չդիմացավ …

«Բլոկադայի ժամանակ որոշեցինք գնալ գյուղ, մեր ծնողներին տեսակցելու։ Հայրս առողջական խնդիրներ ուներ։ Գնացինք ու մի քանի օր մնացինք Կոլխոզաշենում։ Հետո «համար 1» հրաման իջեցրին ու մենք գնացինք ծառայության։ Դա վերջին տարիներին հորս կյանքի ամենաերջանիկ օրերն էին, երբ բոլորս միասին էինք՝ ամբողաջական ընտանիքով»,- MediaHub-ի հետ զրույցում Արմեն Ավանեսյանը պատմում է պատերազմի, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի ու իր ընտանիքի կորուստների մասին։ 

Եղբայրներով լծվել էին հայրենիքի պաշտպանության գործին։ Արմենն աշխարազոր ուժերում էր, նրա հարազատ եղբայրը՝ Կարեն Ավանեսյանը, ՊԲ սպա էր կապիտանի կոչումով, Ներքին Հոռաթաղի հրետանային դիվիզիոնում մարտկոցի հրամանատարն էր։ Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սկսված պատերազմի ժամանակ մեծ պատասխանատվություն կար հրետանավորների վրա։

Մաղավուզի կրակային դիրքերում էր, ուղղությունը՝ 2020-ին գրավված Մատաղիս, Նոր Կարմիրավան բնակավայրեր, արևմտյան հատվածում՝ Կաշենի հանքավայրի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքեր։ Հեռահար հրթիռներով թշնամուն պատճառել են մարդկային ու տեխնիկական կորուստներ։ 

26-ամյա սպան, որ բնավորությամբ քչախոս ու համեստ էր, նաև շրջափակման մեջ հայտնված ընկերներին է անվնաս դուրս բերել, չեզոք գոտուց տարհանել վիրավոր զինվորին։ Ցավոք, իր մարտկոցից Արման անունով մի տղա զոհվել է, ըստ մարտական ընկերոջ՝ Կարեն Ավանեսյանի մահը շատ ծանր էր տարել, քանի որ նա բոլորին փոքր եղբոր պես էր վերաբերում։

«Պատերազմն ավարտվեց։ Միմյանց ողջ մնալու մասին իմացանք ավելի ուշ, երբ մասամբ վերականգնվեց կապը։ Իրավիճակն արդեն պարզ էր, պետք է տեղահանում լիներ։ Կարենի հետ պայմանավորվեցի, որ կհանդիպենք Ստեփանակերտում, որից հետո ճանապարհի խցանումները թեթևանալուց հետո մենք էլ կուղևորվենք Հայաստան։ Այդպիսի որոշում կայացնելը դժվար էր հատկապես հորս համար, բայց մնալն անհնարին էր դարձել, ուստի, մեր հիմնական մտածմունքը մեր ծնողների առողջությունն էր, նրանց անվնաս դուրսբերումը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Արմենի ու Կարենի հայրը՝ Ալիկ Ավանեսյանը, արցախյան առաջին ազատամարտում եղել է Կոլխոզաշենի վաշտի հրամանատարը, հաղթանակից հետո արժանացել է պետական ու գերատեսչական մեդալների։ Սեպտեմբերին գաղթի մասին լուրն առնելուց հետո ազատամարտիկի մոտ հիվանդությունն ավելի էր սրվել։ 

«Մարտունու շրջանը պաշարված էր։ Սեպտեմբերի 25-ին, երբ բացվեց ճանապարհը, մենք էլ հրաժեշտ տվեցինք մեր տանն ու գյուղին և դուրս եկանք։ Այդ օրն անձրև էր տեղում։ Ննգի-Քռասնի գյուղերն իրար կապող բարձունքում, որտեղից նաև Ստեփանակերտն էր երևում, լսեցինք ուժեղ պայթյունի ձայն։ Երբ հասանք Ստեփանակերտ, քաղաքը քաոսի մեջ էր, մենք էլ զարմացել էինք, թե ինչո՞ւ են մարդիկ խուճապի մեջ։ Հետաքրքրվեցի, ասացին՝ «վառելիքի պահեստում պայթյուն է եղել»։ Ես չէի մտածում, որ Կարենն այնտեղ կլիներ։ Երբ խոսում էինք իրար հետ, ինքն այդ մասին ոչինչ չէր ասել։ Պարզվեց՝ այնտեղ էր»,- ասաց նա։ 

ՊԲ կապիտանը, որ անցել է 44-օրյա պատերազմի արհավիրքով ու 2023 թվականի ռազմական գործողությունների փորձություններով, դարձավ մեծ աղետի հերթական զոհերից մեկը։ «Ես մնացել եմ մինչև վերջ, որ Կարենի մասին տեղեկություններ իմանամ։ Մնացել ու այդ տարածքում մասնակցել եմ որոնումներին։ Երբ դրանք այլևս արդյունք չէին տալիս, տեղափոխվեցինք Հայաստան։ Հայրս, որ առողջական լուրջ խնդիրներ ուներ, հայրենիքի ու որդու կորստի հետ չհամակերպվեց. նոյեմբերին, երբ դեռ Կարենի դիակը չէր նույնականացվել, սիրտը մի օր դադարեց բաբախել։ Հետո ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց նաև Կարենի մահը»…

Ինչպես արցախցի շատ ընտանիքներ, Ավանեսյանները ևս իրենց հետ Հայաստան են բերել տխուր պատմություն՝ մարդկային կորուստներով։ Արմենն ափսոսում է, որ եղբայրն այդպես էլ չհասցրեց ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Հայրենիքին ծառայությունը նա գերադասեց առավել ու Արցախի փրկության համար չխնայեց ոչինչ։ Իսկ աղետը, որ կատարվեց Արցախի կորստին զուգահեռ, խորտակեց երիտասարդ հրամանատարի երազանքները…

Հունան Թադևոսյան