Վաղվա ավագանու նիստը թեժ է լինելու․ հնարավոր է՝ Հայկ Մարությանը ևս մասնակցի նիստին

Վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստը, որը թեժ է անցնելու։
Վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով բարձրանալու են մի շարք տուրքեր ու վճարներ, այդ թվում՝ այս օրերին այդքան քննարկված ու քննադատված «կարմիր գծերի» վճարի բարձրացման նախագիծը։ Դրանով, հիշեցնենք, տարեկան 12 հազար դրամը դառնալու է 160 հազար դրամ։
Mediahub-ի տեղեկություններով՝ վաղը առավոտյան նիստից առաջ ընդդիմադիր խմբակցությունները հավաքվելու են քաղաքապետարանի դիմաց, որ թույլ չտան ՔՊ-ականների կամ նրանց հավանական աջակցող այլ անդամների մուտքը քաղաքապետարան, որպեսզի քվորում չապահովվի, և նիստը չկայանա։
Հիշեցնենք, ՔՊ-ն ու իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» խմբակցությունը միասին չեն կարող ապահովել քվորում, եթե ընդդիմադիրներից գոնե մեկ անդամ չմասնակցի նիստին։ Իսկ եթե ընդդիմությունից գեթ մեկ հոգի մասնակցի, ապա քվորում կապահովվի և ՔՊ-ն կկարողանա իր ուզած նախագիծն արդեն տեղական ուժերով ընդունել։ Հիմա ընդդիմադիրները վաղը նիստից առաջ հավաքվելու են քաղաքապետարանի դիմաց, որ փորձեն որևէ կերպ կանխել «քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնող» հերթական նախագծերի ընդունումը։ Իսկ եթե չհաջողվի շենքից դուրս որևէ բան անել, որ քվորում չապահովվի, ապա մտնելու են դահլիճ և այնտեղ սուր ելույթներ ունենան, փորձեն տեղում որևէ բան անել։ Այնպես որ, վաղը ավագանու նիստը թեժ է անցնելու։
Ի դեպ, շատ հնարավոր է, որ վաղը նիստին առաջին անգամ մասնակցի նաև նախկին քաղաքապետ, ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը ավագանու անդամ ընտրվելուց ի վեր՝ նիստերին չի մասնակցել, ու եթե այս նիստին էլ չմասնակցի, հնարավոր է՝ մանդատից զրկվելու հարց առաջանա։
Դեռ մեկ ամիս առաջ MediaHub-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ բյուջեն հաստատելուց հետո Հայկ Մարությանը վայր է դնելու մանդատը:
Վահե Մակարյան