ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։
Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս–Ստեփանակերտ երթուղով։ Մարտունու շրջանում անապահով և բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել է 2519,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթուցիկ առարկա։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։