Մեր աջակցությունն ենք հայտնում ԼՂ հակամարտության տևական կարգավորմանը. Նենսի Փելոսի

Մեր աջակցությունն ենք հայտնում ԼՂ հակամարտության տևական կարգավորմանը. Նենսի Փելոսի

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝  անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում։

Այս մասին հայտարարություն է տարածել Փելոսիի գրասենյակը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ ուրախ են այցելել Երևան 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումից և առաջին անգամ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո։ Նա ընդգծել է, որ «բոլորի բարոյական պատասխանատվությունն է՝ երբեք չմոռանալ․ պարտավորություն, որը հատկապես մեծ հրատապություն է ձեռք բերել, քանի որ կոտորածներ են իրականացվում ողջ աշխարհում, այդ թվում և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում»։

«Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ Կառավարության առաջնորդների, քաղաքացիական հասարակության և անվտանգային մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, ուժեղ և շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը»,- նշել է Փելոսին։

Նա ընդգծել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված դեմոկրատ գործիչներ Ֆրենք Փալոնեն, հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն, Ջեքի Սփիերը Հայաստանի շահերի համար երկար տարիներ ի վեր գործունեություն ծավալող գործիչներ են։ «Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ արդյունավետ հանդիպումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն Հայաստանի Հանրապետության հետ մեր գործընկերությունը և տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը»,- եզրափակել է Փելոսին։