Օրենքի գերակայությո՞ւն, թե՞ կադրային «զտումներ»

Օրենքի գերակայությո՞ւն, թե՞ կադրային «զտումներ»

Հայաստանում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, երեկ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի, և ի վերջո այդպես է և այդպես էր նաև այս իրադարձություններից առաջ: Հույս ունեմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ և ուղիղ ենք ընկալում»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն ակնհայտորեն ակնարկում է, որ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է, որովհետև չի ընկալել օրենքի գերակայության իմպերատիվը։

Առաջին հայացքից՝ Փաշինյանի ասածը միանգամայն ճշմարիտ է, որովհետև նախկին նախարարը մեղադրվում է կոռուպցիոն գործունեության մեջ։ Մյուս կողմից, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը օրենքի գերակայության մասին հիշում է, երբ որևէ մեկից ազատվելու կամ յուրայինին պաշտոնի նշանակելու խնդիր է ունենում։

Համենայն դեպս, Փաշինյանի իշխանության տարիներին դեռ չի կայացվել որևէ դատական ակտ, որը կհաստատեր, թե պաշտոնանկ արված պաշտոնյաներից որևէ մեկը կոռուպցիայի համար դատապարտվել է։

Օրինակ, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն առայժմ ոչ միայն չի դատապարտվել, այլ ամիսն առնվազն երկու անգամ, ի թիվս այլ կուսակցությունների ղեկավարների, հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ ու տպավորությունն այնպիսին է, որ նրանք «հաշտ ու համերաշխ» են։ Թերևս, Սանասարյանի «կոռուպցիայի» մասին հիշատակումներն անհրաժեշտ էին՝ նրան պաշտոնանկ անելու համար։

Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանը դեռ չի դատվել, ավելին՝ իրեն քաղկալանավոր է համարում ու խոստանում է «դիմակներ պատռել»։ Նույն  տրենդի մեջ է նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Տպավորություն է, որ Հայաստանում ոչ թե օրենքի գերակայություն է, այլ դրա ցուցանակի տակ պարբերաբար տեղի են ունենում կադրային «զտումներ»։

Վահրամ Բագրատյան