Իշխանության հասցեին հայհոյանքները օգուտ չեն տա, գործողություններ են պետք

Ընդամենը մի քանի օր հետո Գյումրու քաղաքապետի ընտրություններն են, որը թերևս մինչև 2026 թվականի համապետական ընտրությունները քաղաքական ուժերի համար ամենակարևոր փորձությունն է։
Իհարկե ոչ ամբողջովին, սակայն Գյումրու ընտրությունները մասամբ ուրվագծելու են քաղաքական ուժերի դիրքավորումները խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Գյումրու ընտրությունները կարող են նաև ուրվագծել խորհրդարանական ընտրություններին հնարավոր դաշինքները։ Բացի այդ, իշխանությունների համար այն յուրովի վստահության հանրաքվե է, հատկապես Երևանում ու կրկին Գյումրիում կրած պարտություններից հետո։
Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պարզ դարձավ, որ Երևանը մերժում է ՔՊ-ին․ Տիգրան Ավինյանը չստացավ երևանցիների վստահության քվեն ու քաղաքապետ դարձավ ընդամենը Երևանի ավագանիում այլ ուժի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու ու ընդդիմադիր ուժերի չմիավորման արդյունքում։ Միավորվեին ընդդիմադիր մյուս ուժերը, Տիգրան Ավինյանը չէր դառնա քաղաքապետ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՔՊ-ն ամբողջական պարտություն կկրեր մայրաքաղաքում։
Գրեթե նույն բանը տեղի ունեցավ նաև Գյումրիում նախորդ ընտրությունների ժամանակ՝ ՔՊ-ն պարտվեց Բալասանյան դաշինքին ու այս արտահերթ ընտրություններն ընդամենը ՔՊ-ի իշխանազավթման տենչն է, որովհետև Բալասանյան դաշինքը իշխանական ճնշման արդյունքում տեղի տվեց։ Հետևաբար, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ Գյումրու այսօրվա արտահերթ ընտրությունները նախորդ ընտրություններում ՔՊ-ի պարտության արդյունքն են։ Այսինքն՝ ՔՊ-ի համար պարզ է, որ նրանք կորցրել են ժողովրդի վստահությունը, ուստի, արդեն խաղում են դիմակները հանած, առանց ժողովրդավարության բաստիոն կոչվող ավելորդաբանության։
Իշխանության համար Գյումրու ընտրությունները կենաց մահու խնդիր են, ուստի նրանք Սարիկ Մինասյանին քաղաքապետ հռչակելու համար, պատրաստ են դիմել ցանկացած քայլի։ ՔՊ-ականները զուրկ լինելով որևէ արժեհամակարգից՝ չունենալով որևէ կարմիր գիծ, վաղուց են ապացուցել, որ իրենց ուզած արդյունքին հասնելու համար չեն խորշի որևէ գործողություններից։ Գյումրիում իրենց թեկնածուին քաղաքապետ հռչակելու համար ՔՊ-ն պատրաստ է օգտագործել Հայաստանի հանրապետության ամբողջ վարչական ռեսուրսը, իրենց հպատակ օլիգարխների ֆինանսական ռեսուրսները, պետական բյուջեի գումարները։ ՔՊ-ն պատրաստ է ճնշումների ենթարկել վարչական աշխատողներին, քրեական գործ հարուցել մարդկանց նկատմամբ, բախումներ հրահրել այլ թեկնածուների միջև ու անգամ գնալ ուղիղ ընտրակաշառքի։
Այն, որ ի վերջո ՔՊ-ն գնալու է ուղիղ ընտրակաշառքի, կասկածից վեր է, ժամանակին Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ընտրեք մեզ, ու ընտրություններից հետո մենք մեր ընտրողներին կտանք գումարները։ Ընդամենը ժամանակի հարց է, գալու է այն օրը, որ ՔՊ-ն առհասարակ կդադարի ժողովրդավարություն խաղալ ու ամեն ինչ կանի բաց տեքստով։
Սակայն վերադառնալով Գյումրուն, անհրաժեշտ է ընդգծել մի կարևոր հանգամանք, որը ի դեպ վերաբերում է բոլոր ընտրություններին։ Որքան էլ ՔՊ-ն օգտագործի իր ռեսուրսները, այնուամենայնիվ, կա մի կարևոր հանգամանք, որի դեպքում այդ ամենը չեն տալու իրենց ցանկալի արդյունքները։ Այդ գործոնը ընտրություններին մասնակցությունն է։
Եկեք իրերն անվանենք իրենց անուններով ու չխաբենք ինքներս մեզ։ Վերջին ժամանակներում ընտրություններում ՔՊ-ի հաղթանակների ամենակարևոր պատճառերից մեկը ցածր մասնակցությունն է։ Սովորաբար իշխանությունները կարողանում են կազմակերպված ձևով ընտրատեղամասեր տանել իրենց ընտրողներին, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածը, որն ավելի մեծ թիվ է կազմում, տարբեր պատճառներով տնից դուրս չի գալիս։
Հիասթափությունը, անվստահությունը և այլն և այլն հարցի լուծում չեն։ Որքան էլ այդ գործոնները մասամբ արդարացված լինեն, այնուամենայնիվ ընտրություններին չգնալը հեշտացնում է իշխանությունների վերարտադրությունը։ Երբ ընդդմադիր ընտրազանգվածը չի մասնակցում ընտրություններին, նախ ինքնաբերաբար իշխանությունների օգտին քվեարկած անձանց քանակն ավելի շատ է դառնում, երկրորդը իշխանությունների համար հեշտացնում է ընտրությունները կեղծելու գործընթացը։
Իշխանությունների հասցեին քննադատությունները, նույնիսկ հայհոյանքները որևէ օգուտ չեն տա, եթե դրանց չեն հաջորդում գործողություններ, իսկ այս պահին ամենաարդյունավետ գործողությունն է՝ գնալ ընտրատեղամաս ու մերժել այս կործանարար իշխանությանը, իրենց բոլոր թեկնածուներով հանդերձ։ Հակառակ դեպքում կգա օրը, երբ ինքներս մեզ կմեղադրենք, որ մեր անգործությամբ թեկուզ ակամա, բայց նպաստեցինք սրանց վերարտադրմանը, այո՛, հենց սրանց, որովհետև բացի արհամարհական դիմելաձևից, այլ մոտեցման իրավունք չեն վաստակել։
Կարեն Կարապետյան