Արցախի անվան տակ թալանել են, մեկի վարորդը դարձել ա 20 միլիոն դոլարի տեր․ Սուքիասյան
Բա որ Վարդան Օսկանյանը 10 տարի ԱԳ նախարար ա եղել, ոնց չի կարողացել լուծել Արցախի խնդիրը, հիմա գալիս ա լուծի 3 ամսո՞ւմ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը հնարավորություն չի տալիս Օսկանյանին զբաղվել Արցախի հարցով, այն դեպքում, երբ անգամ Փաշինյանն էր ընդդիմությանն առաջարկում, այսպես ասած, հանուն պետության գալ կոնսենսուսի։
«Վարդան Օսկանյանի վերջին 30 տարվա գործունեությունը պետք է լուրջ քննության ենթարկվի։ Նախ, պետք է մեր իրավապահ մարմինները հասկանան՝ նա որտեղ է եղել վերջին 10 տարիներին, ով է նա, ինչով է զբաղվում, ոնց եղավ, որ միանգամից հայտնվեց»-ասաց Սուքիասյանը։
Դիտարկմանը, որ նախկին իշխանություններն ասում են, որ պահել են Արցախը, Սուքիասյանն ասաց․
«Արցախի անվան տակ բանակը թալանել են, Արցախի անվան տակ մեկի վարորդը դարձել է 20 միլիոն դոլարի տեր»։
Նշենք, որ օրեր առաջ Վարդան Օսկանյանը լրագրողների միջոցով իշխանություններին առաջարկ արեց՝ իրեն եւ մի խումբ դիվանագետների բանակցային գործընթացում փոփոխություններ մտցնելու լիազորություն տալ։
«Իշխանություններն այսօր ի վիճակի չեն Արցախի հարցում այլընտրանքի մասին խոսել, սա այնպիսի ազգային գոյատեւական խնդիր է, որ նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարեն այլոց: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոսանոց: Երկրորդ, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի։ Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, նման այլ բան չկա: Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, պատերազմից հետո Փաշինյանի խոսելը այդ ամենն ավելի է խորացրել: Այսօր նրա խոսելը ավելի է բարդացնում իր վիճակը եւ օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակ փոխելը»,-ասել էր Օսկանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում