«Հատուկ նշանակության իրադարձություն»․ Մոսկվայում սպասում են Փաշինյանին

«Հատուկ նշանակության իրադարձություն»․ Մոսկվայում սպասում են Փաշինյանին

Վաղը պաշտոնական այցով Մոսկվա է ժամանելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է», - հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հատուկ նշանակության իրադարձություն» արտահայտությունը մի փոքր երկիմաստ է․ պարզ չէ՝ այն վերաբերում է Փաշինյանի պաշտոնական այցի փաստի՞ն, թե՞ բանակցությունների բովանդակությանը։

Նկատենք, սակայն, որ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ որոշակի լարվածություն է նկատվում հայ-ռուսական հարաբերություններում, որը հաճախ դրսևորվում է դիվանագիտական տողատակերով։

Քարագլխում և Փառուխում գրանցված միջադեպերից հետո ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննելու հրապարակային պահանջները չեն արտահայտում այն դրական վերաբերմունքը, որ կա Հայաստանում և Ղարաբաղում նրանց նկատմամբ: Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ես կրկին հղում կանեմ մեր ԱԳՆ-ի նախարարի հայտարարությանը, որն, ի պատասխան հետաքննություն անցկացնելու հրապարակային պահանջներին, ասել է՝ մեր խաղաղապահները շատ կարևոր դերակատարություն ունեն։ Նրանց նկատմամբ թե՛ Հայաստանում և թե՛ Ղարաբաղում վերաբերմունքը պաշտոնական շրջանակներում և բնակչության մոտ բավական դրական է։ Այդ պատճառով այսպիսի պահանջները դժվար թե արտացոլում են այն վերաբերմունքն ու իրական դերը, որն ունի խաղաղապահ զորամիավորումը Ղարաբաղում», - ասել է նա:

Ռուսաստանի ԱԳ նախարարի ու մեր երկրում այդ երկրի դեսպանի հայտարարություններից հետո կարելի է եզրակացնել, որ` կամ Մոսկվան համարում է, որ Փաշինյանն այլևս չի արտահայտում Հայաստանի հասարակության տրամադրությունները, կամ էլ՝ լուրջ չի վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին։

Երկու տարբերակներն էլ` Հայաստանի համար դրական չեն, մանավանդ, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ։

Մյուս կողմից, երեկ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։ Սա էլ հստակ բացասական ուղերձ է՝ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ։

Մի խոսքով, Փաշինյանին Մոսկվայում բավականին ծանր զրույց է սպասվում։

Վահրամ Բագրատյան