Tesla-ի տնօրենների խորհուրդը նոր գործադիր տնօրեն է փնտրում՝ Իլոն Մասկին փոխարինելու համար

Tesla ընկերության տնօրենների խորհուրդը նոր գործադիր տնօրեն է փնտրում՝ Իլոն Մասկին փոխարինելու համար, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ տնօրենների խորհուրդը որոնման մասին սկսել է մտածել մոտ մեկ ամիս առաջ և այդ ժամանակ կապ է հաստատել որոնումներ իրականացնող մի քանի ընկերությունների հետ։ Սա տեղի է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի անկման և ներդրողների դժգոհության ֆոնին, որ Մասկը չափազանց շատ ժամանակ է նվիրում ԱՄՆ նախագահի վարչակազմում աշխատելուն։
Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ աճ էին գրանցել Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարվա նոյեմբերին ընտրություններում տարած հաղթանակից հետո այն սպասումների պատճառով, որ Մասկի և նախագահի սերտ կապերը օգուտ կբերեն ընկերության բիզնեսին։
Դեկտեմբերին Tesla-ի շուկայական արժեքը հասել էր ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի, բայց այդ ժամանակվանից ի վեր նվազել է մինչև մոտ 900 միլիարդ դոլար։ 2025 թվականի սկզբին ընկերության որոշ աշխատակիցներ սկսել էին Մասկի քաղաքական գործունեությունը դիտարկել որպես «բեռ բիզնեսի վրա», գրել է WSJ-ն։
Իլոն Մասկը «կեղծ» է անվանել WSJ-ի տեղեկությունն այն մասին, որ Tesla-ն նոր գործադիր տնօրեն է փնտրում։