Հայտնի են դարձել շաքարախտի զարգացման անսպասելի գործոններ

Անսպասելի գործոնները կարող են ազդել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վրա։ Ասել է էնդոկրինոլոգ և դիաբետոլոգ Ելենա Կովալեւսկայան։
Բժիշկը զգուշացրել է դրանց մասին «Դոկտոր Պիտեր»-ի հետ զրույցում։
Նա հիշեցրել է, որ շաքարային դիաբետի զարգացման հիմնական ռիսկային գործոններն են քաղցր ըմպելիքների, ալյուրի մթերքների, տապակած միսի օգտագործումը, ֆիզիկական ակտիվության պակասը, քաշի ավելացումը, ենթամաշկային ճարպի որովայնի հատվածում կուտակումը, ծխելը և էթնիկ պատկանելությունը:
Սակայն, ըստ բժշկի, մասնագետները վերջերս կապ են հայտնաբերել այս հիվանդության ռիսկի և կրթության միջև։
«Կրթության մակարդակը սոցիալ-տնտեսական կարգավիճակի անբաժանելի մասն է։ Ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակը կապված է սթրեսի ավելի բարձր մակարդակի հետ, ինչը հանգեցնում է էնդոկրին ֆունկցիայի խաթարման»,- պարզաբանել է Կովալեւսկայան։
Նա նշել է, որ շաքարախտի զարգացման ավելի բարձր ռիսկի են ենթարկվում մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդիկ, կանայք, ովքեր նախկինում ունեցել են հղիության դիաբետ, դիսլիպիդեմիա ունեցող մարդիկ, վաղաժամ ծնվածները և աղտոտված օդով տարածքներում ապրողները: Բացի այդ, ըստ բժշկի, պարզվել է, որ քնի պակաս ունեցող մարդկանց մոտ զգալիորեն մեծանում է դիաբետի զարգացման ռիսկը։