Այսօր իրենց կուղարկվի փաստաթուղթը, որ իրավունք չունեն իմփիչմենթ հայտնելու․ Ալավերդու համայնքապետ

Այսօր իրենց կուղարկվի փաստաթուղթը, որ իրավունք չունեն իմփիչմենթ հայտնելու․ Ալավերդու համայնքապետ

Ալավերդու ավագանու ՔՊ-ական հատվածը, ոչ մի կերպ չհամակերպվելով Ալավերդիում իրենց կրած պարտության հետ, որոշել է անվստահություն հայտնել գործող համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանին՝ այդ կերպ հույս ունենալով, որ կազատվեն «անցանկալի» քաղաքապետից և իրենցից մեկին կնշանակեն ԺՊ։ 

Երեկ արդեն հայտարարվել է այդ մասին, որ անվստահության գործընթաց են սկսել։ Արկադի Թամազյանն էլ այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։ Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում»։

Mediahub-ի հետ զրույցում Արկադի Թամազյանն ասաց, որ ՔՊ-ն, իրականում, չի կարող այս պահին իրեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, որովհետև մոտ երկու ամիս առաջ մեկ անգամ արդեն իսկ նման գործընթաց նախաձեռնվել է ու քվորում չլինելու պատճառով տապալվել: 

Եվ օրենքն ասում է՝ «մեկ անգամ անվստահություն հայտնելուց հետո մեկ տարի այլևս չեն կարող նման գործընթաց նորից նախաձեռնել»։

Ընդ որում, երկու ամիս առաջ այդ իմփիչմենթի գործընթացը նախաձեռնել էր հենց «Ապրելու երկիր» խմբակցությունը, և Թամազյանը չհերքեց, որ հատուկ են իր թիմակիցներն այդ ժամանակ իր նկատմամբ ձևական իմփիչմենթ հայտարարել ու տապալել, որ մեկ տարի ժամկետով ապահովեն իր նկատմամբ այդպիսի գործընթաց նախաձեռնելու անհնարինությունը։ 

«Դրա համար այսօր իրենց կուղարկվի փաստաթուղթը, որ իրենք իրավունք չունեն իմփիչմենթ հայտնելու»,- ասաց Թամազյանը։

-Ճի՞շտ է, որ ՔՊ-ն ձեր խմբակցության անդամներից մեկին «գողացել է», որ դուք մեծամասնություն չունենաք,
-Այո, ճիշտ է։ Հիմա մենք 13 անդամ ունենք, մեկը՝ ՀԱԿ-ից, և մեկ հոգի մարդագողություն է արվել, հիմա այդ մեկ հոգու հետ միասին փորձում են իմփիչմենթ հայտնել։

-Իսկ այդ «գողացված» անդամի հետ խոսե՞լ եք, իրեն ինչպե՞ս է պահում, ընդունո՞ւմ է, որ ճամբարափոխ է եղել։
-Նման մարդը ո՞նց պետք է պահի, փորձելու է ամեն կերպ արդարանալ։ Դավաճանները ո՞նց են պահում իրենց, դավաճանը միշտ արդարանում է՝ ուրիշների վրա ցեխ շպրտելով կամ այլ ձևով։ Բայց չենք խոսել իր հետ, խոսելու բան էլ չկա։

-Իսկ գալի՞ս է նիստերին։
-Եթե նիստերի քվորումը պետք է իր միջոցով ապահովվի՝ չի գալիս, եթե քվորում չի լինում՝ փորձում է գալ և իր դեմքը փրկել։

-Իսկ ո՞վ է նա, անունն ի՞նչ է, ինչո՞ւ է նման քայլի դիմել։
-Սիմոն Զախարով, բժիշկ է, և մեր նախնական տեղեկություններով՝ մարդուն բաներ են խոստացել, մանկության երազանք ունի, ցանկանում է հասնել դրան։ Հիվանդանոցի գլխավոր տնօրենի պաշտոն են խոստացել։ Հիմնավորում չունենք, բայց մեր ունեցած ինֆորմացիայով եմ ասում։ Բայց դժվար էլ հասնի բաղձալի պաշտոնին, որովհետև 65-ը շուտով կլրանա, ու ինքը դա նույնիսկ չի էլ հասկանում։

-Իսկ Դուք արտահերթ ընտրությունների գնալու հեռանկար տեսնո՞ւմ եք։
-Ժողովրդավարական ընտրություններում, եթե նման կոլլապս է առաջանում, դա միակ լուծումն է, որը ժողովուրդը կորոշի, թե ով պիտի կառավարի համայնքը։ Իմ կարծիքով՝ ամենաճիշտ ճանապարհը դա է։ Եթե մարդագողություն են արել ու չեն թողնում համայնքի զարգացումն ապահովվի, ու կյոլլապս է առաջացել։ Միակ ճիշտ ճանապարհը՝ օրենքով ընտրություններ նշանակել, և ժողովուրդը կորոշի, թե ով պիտի կառավարի համայնքը։

-Որքանով տեղյակ եմ՝ օրենքն ասում է, որ եթե երեք ամիս ավագանին քվորում չի ապահովում և նիստեր չի գումարում, ապա օրենքի ուժով պետք է գնալ արտահերթ ընտրությունների, այդպե՞ս է։
-Ոչ, օրենքի ուժով չէ, հերթական նստաշրջանի՝ երեք ամիս նիստը չկայանալու պարագայում կառավարությունն է որոշում կայացնում, դա կառավարության իրավունքն է։ Այսինքն՝ էնպես չէ, որ պարտադիր պայման է և օրենքի ուժով պիտի լինի։

-Հիմա նիստեր չգումարելու երեք ամիսը լրանում է դեկտեմբերին, ճի՞շտ է։
-Այո։

-Եթե կառավարությունը արտահերթի գնալու որոշում չկայացնի, հնարավոր է՝ այսպես ճգնաժամային վիճակում էլ մնա՞, ու ինչպե՞ս եք պատեկրացնում Ալավերդի համայնքի ճակատագիրը այդ դեպքում։
-Այո, լուծումն արդեն կառավարության դաշտում է։ Մեկ տարի առաջ են ընտրություները կայացել, և այս մեկ տարվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունն ամեն պատեհ-անպատեհ առիթներով անընդհատ խոչդընոտել է համայնքի զարգացմանը։  

-Իսկ այս մեկ տարվա ընթացքում կարողացե՞լ եք համայնքի համար խնդիրներ լուծել։
-Չափազանց մեծ խնդիրներ ենք լուծել, բայց դա չի նշանակում, որ լիարժեք կարողացել ենք աշխատել։ 

-Իսկ Ձեր թիմը պատրա՞ստ է արտահերթ ընտրությունների, և Դուք էլի կմասնակցե՞ք, մասնակցելու դեպքում ալավերդցին նորից Ձեզ ձայն կտա՞։
-Այո, պատրաստ ենք, կմասնակցեմ, բայց դա ես չպիտի որոշեմ, ժողովուրդը պիտի որոշի՝ ում ձայն տա, երբ կլինեն ընտրություններ, այդ պարագայում կտեսնենք՝ ժողովուրդը ում է ցանկանում։

Վահե Մակարյան