Կապանում 2700 հա օկուպացված տարածք ունենք, ջուր չկա, մարդիկ հեռացել են. Արման Թաթոյան

Կապան համայնքում մեր հավաքած փաստերի համաձայն՝ 2700 հեկտար օկուպացված տարածք ունենք, որից 170-ը անտառային հողեր են, 130-ը՝ համայնքային, իսկ 2400-ը՝ հատուկ պահպանման հողեր։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Սեպտեմբերի 13-ից հետո Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ գյուղերում մարդկանց վնասներ են հասցվել, այդ թվում՝ անասնագլխաքանակի պակաս։ Ներքին հանդում խնդիրն այն է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի մեծագույն մասը գտնվում է միջդիրքային գոտիներում, հնարավոր չէ օգտագործել արոտավայրերն ու վարելահողերը»,-ասաց Թաթոյանը։
Ներքին հանդում և Սրաշենում խոշոր եղջերավոր կենդանիները կրճատվել են 70%-ով, խոզերի քանակը՝ 100%-ով։ Ներքին հանդում խմելու ջրի ակնաղբյուրը հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի ներքո, որի պատճառով խմելու կամ ոռոգման ջուր չկա։ Գյուղում այլևս չկան ընտանիքներ, քաղաքացիական կյանքը դադարել է, դպրոցը չի գործում։
«Բնակիչներն անընդհատ կրում են նյութական վնասներ»,- շեշտեց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, վերջինս անցած շաբաթ փաստահավաք առաքելությամբ Սյունիքի մարզում էր:
Մանրամասները՝ տեսանյութում։