Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների։ Չնայած սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ եղան, բայց, դրանց արդյունքներով, անցողիկ շեմը՝ «50+1» ձայն, չի հաղթահարել ոչ մի ուժ, որ իշխանություն ձեւավորվի։ Արդեն ակնհայտ է, որ այդ 5 ուժերը չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել, կոալիցիա կազմել ու իշխանություն ձեւավորել։

«Հրապարակ» թերթը գրում  է․

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է բավականին մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա․ հիշեցնենք, որ նրան պաշտոնական այցով հոկտեմբերի 9-12-ը հրավիրել են Մոսկվա։ Ընդ որում՝ շատերը զարմանում են, թե ինչու են հրավիրել, եթե հոկտեմբերի 7-ին արդեն նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու։

Ալեն Սիմոնյանը 16 հոգանոց պատվիրակությամբ է Մոսկվա մեկնելու, որի կեսն օրենսդիրներն են, մյուսներն աշխատակազմից են։ ԱԺ նախագահը որոշել է իր հետ Մոսկվա տանել պատգամավորներ Վահե Ղալումյանին, Գուրգեն Արսենյանին, Հայկ Սարգսյանին, Բաբկեն Թունյանին, Ալեքսեյ Սանդիկովին, նախկին դասատու Մարինա Ղազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից՝ Տարոն Մարգարյանին, ում ժամանակին հենց ինքն է ստիպել, որ դիմում գրի հեռանա Երեւանի քաղաքապետի պաշտոնից:

 «Հրապարակ» թերթը գրում է․

ՔՊ-ականներն իրենց նախկին կուսակից Կարեն Անդրեասյանին երեկ գործուղեցին ԲԴԽ, նախ՝ շարքային անդամ, ապա՝ նախագահ։ Անդրեասյանը վերջերս է դուրս եկել ՔՊ-ից՝ այս պաշտոնին միայն անկուսակցականը կարող է ընտրվել։ Հաջորդ մարմինը ԿԸՀ-ն է, որի նախագահ կնշանակեն Վահագն Հովակիմյանին։

«Հրապարակ» թերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը երեկ Պրահայում էր՝  մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հայաստանյան հասարակությունը փորձում էր Փաշինյան-Էրդողան-Ալիեւ հանդիպումների լուսանկարներից եզրակացություններ անել, թե ՀՀ վարչապետն ինչ է «տվել», ինչի է համաձայնել։ Լուսանկարներից մեկում սեղանին գիրք է դրված՝ ալբանացի գրող Լեա Իպիի «Պատմության ավարտը եւ նոր դարաշրջանի սկիզբը» գիրքը՝ դրամատիկ հուշագրություն Բալկաններում կոմունիզմի ավարտի մասին։

Հետաքրքիր է, թե ում գիրքն էր դա, ում նախաձեռնությամբ էր հայտնվել հենց այդ սեղանին։ Երեկ այս գիրքն ու դրա հայտնվելը ադրբեջանական սոցցանցերում բուռն քննարկումների առարկա էին դարձել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարժական հավաքները լուրջ բարդությունների առջեւ են կանգնեցրել իրավապահներին: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք ստիպված են լինում ծանուցում ստացած, բայց հավաքներին չմասնակցած անձանց բերման ենթարկել, որն ուղեկցվել է անգամ դանակահարությամբ: Լոռու մարզի Արծնիկ գյուղում իրավապահները գնացել են գյուղի 39 տարեկան բնակչի տուն՝ հասկանալու համար, թե ինչու չի ներկայացել զինկոմիսարիատ: Իրավապահներին քաղաքացին դիմավորել է հայհոյանքներով ու փորձել դանակով հարվածել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 5-ին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խորհրդի նախագահ, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից պետք է ներկայացվեր տեսչական մարմնի ղեկավարը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդի նախագահ-նախարարը նիստը սկսելուց հետո անգամ չի իմացել, թե ով է լինելու նոր ղեկավարը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ ներկա խորհրդի անդամները երկար սպասելուց հետո, չգիտես՝ ինչու, փորձել են կառավարության աշխատակազմից պարզել, թե ով է թեկնածուն, որպեսզի հրավիրեն։

Աշխատակազմից տվյալները փոխանցելուց հետո միայն պարզվել է, որ թեկնածուն հայտնի հանրապետական շրջանակներից, Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանն է, որը ներկայացել է նիստը սկսելուց 40 րոպե անց, քանի որ ինքն էլ չի իմացել, որ պետք է ներկայանա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:

Նա հերթական անգամ մանիպուլացրել ու խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 2021 թվականին Գավառում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ գրություն է գրել կուսակցությանը, որ եթե չընտրվի Գավառ համայնքի ղեկավար, պատգամավորական մանդատից հրաժարվելու է:

Նա չընտրվեց Գավառի համայնքապետ, սակայն ընտրություններից հետո շարունակեց մնալ պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու մանդատից չի հրաժարվում, ի վերջո գրություն է գրել, գրավոր խոստացել է: Ի պատասխան՝ Նարեկ Գրիգորյանը հերքեց. «Միանշանակ այդպիսի թուղթ չկա, ու ինձ համար զարմանալի բան է, քանի որ նման բան չի եղել: Ժողովուրդն է քվեարկել ու այդպիսի որոշում կայացրել»: