Պապիկյանը դիմում է նախկիններին, Ավինյանը կգնա հակահարձակման. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իրավապահ համակարգը 2023 թվականից մինչ օրս կոռուպցիայի դեմ պայքարի շոուի շրջանակում թիրախավորել է բացառապես Երեւանի քաղաքապետարանը՝ ստեղծելով այն տպավորությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվում է միայն քաղաքային իշխանությունների հետապնդմամբ:
Քաղաքապետարանից մեզ փոխանցում են, որ ներսում խորացող համոզմունք կա՝ ձերբակալությունները կատարվում են առանց հիմնավորումների, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրանք դիտարկում է քաղաքական ուղղորդումների համատեքստում:
Քաղաքապետարանի կոմունալի պետի ձերբակալությունը, որ տեղի ունեցավ երեկ, ըստ աղբյուրների՝ համարվել է վերջին կաթիլը: Քաղաքային իշխանությունների ներսում աճում է դժգոհություն, եւ շշուկներ են շրջանառվում, որ քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հակահարձակման անցնելու՝ քաղաքական խաղերի մասնակիցներին հասցնելով հուժկու հակահարված:
Ավելին, տեղեկացվում է, որ քաղաքապետը նախորդ օրը հրահանգել է աշխատակազմին, որ իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի կողմից արված յուրաքանչյուր՝ անգամ ամենաչնչին խնդրանքը զեկուցեն բացառապես իրեն՝ կազմելով մանրակրկիտ ցուցակ: Սա կարող է վկայել այն մասին, որ քաղաքապետարանը պատրաստվում է պաշտպանողականից անցնել ավելի ակտիվ գործողությունների:
Հիշեցնենք, որ 2023 թվականից սկսած՝ քրեական գործեր են հարուցվել Երեւանի երկու փոխքաղաքապետերի, մի քանի վարչության պետերի, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ: Սակայն վարույթների մեծ մասը գտնվում է անորոշ՝ սառած վիճակում, մինչդեռ այդ գործերով անցնող անձանց շարունակում են ամեն գնով պահել կալանքի տակ: Այս զարգացումները Երեւանի քաղաքապետարանում գնահատվում են ոչ թե որպես իրավական գործընթացներ, այլ որպես քաղաքական ճնշման միջոց, որը կարող է փոխել քաղաքապետարանի հետագա գործողությունների տրամաբանությունը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Մխեյանը, նախորդը՝ Արեն Սարգսյանը, եւս պաշտոնակատար էր՝ շուրջ 2 տարի, եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այդպես էլ պաշտոնի չնշանակվելով։ ՊՆ-ում տարակուսած են Սարգսյանի անսպասելի հեռանալուց, առավել եւս՝ Մխեյանի նշանակումից։ Նա հայտնի է որպես «նախկինների» համակիր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի զինկոմը, իր շրջապատում չի թաքցրել, որ երազում է հանրապետության գլխավոր զինկոմ դառնալ։
ՊՆ մեր աղբյուրների պատմելով՝ կադրային կրիզիսը ՊՆ-ում իրեն զգացնել է տալիս, պատահական չէ, որ վերջին շրջանում Պապիկյանն առանցքային պաշտոններում հիմնականում նախկինների ժամանակ աչքի ընկած զինվորականների է նշանակում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարության գործունեության շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք դատավորներ եւ փաստաբաններ հայտնեցին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, եւ իրենք պատրաստվում են բողոքը հասցնել ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Իսկ ինչն է խնդիրը: Բանն այն է, որ կալանավորներին ուղեկցող ոստիկանության խմբերը չեն կարողանում մի շարք քրեական վարույթներով կալանավորների բերել դատարաններ, ու դատական նիստերը հազվադեպ են կայանում։ Այսինքն՝ փաստաբանները գնում են դատարան, դատավորը պատրաստակամ է նիստ գումարել, սակայն կալանավորներին դատարան չեն բերում:
Այս իրավիճակը զայրացրել է փաստաբաններից շատերին, ու չի բացառվում, որ անգամ կալանավորների իրավունքները ոտնահարելու գանգատներով դիմում ուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ArmԼur.am-ը հայտնել էր, որ ըստ ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում վարույթ իրականացնող մարմինների կողմից ստացվել է 1601 հայտ ազատությունից զրկված 1757 անձանց ուղեկցելու վերաբերյալ, որից ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ուղեկցող ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության հետեւանքով հնարավոր չի եղել իրականացնել 438 հայտի պահանջները՝ ազատությունից զրկված 477 անձանց վերաբերյալ:
Այսինքն` օրուգիշեր բարեփոխումներից խոսող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 477 կալանավորի իրավունք է ոտնահարել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն, մեր տեղեկություններով, նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
Բայց քանի որ նրանց հիմնադրած ՄԱՍԿ-ը դեռ չի գրանցվել, ուստի Թումանյանի առաջադրումը ստիպված են եղել իրականացնել Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ–ով՝ Սոցիալիստական կուսակցությամբ։ Մեզ ասացին, որ Շահվերդյանն ու Աղազարյանը վաղեմի ընկերներ են։ Իսկ թեկնածուի՝ Թումանյանի տեսանյութը մեմ է դարձել համացանցում՝ նա Գյումրու հրապարակում ֆայտոնի վրա խրոխտ կանգնած շրջում է, ռոմանտիկ մեղեդու տակ իր մասին պաթետիկ խոսքի հնչողության ներքո։
Նա ՔՊ-ի երբեմնի մոլի աջակիցներից է, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, նախկին երգիչ։ Իշխանափոխությունից ի վեր՝ 7 տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ջերմորեն սատարել, ի պաշտպանություն վարչապետի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում 2019 թ․ փետրվարին հանրահավաք է կազմակերպել եւ այդ նույն ժամանակահատվածում Վազգեն Մանուկյանի ու դաշնակցականների մուտքն արգելել է Գյումրի։
Արտյոմ Թումանյանի եւ ՔՊ-ի միջեւ սեւ կատու է անցել Գյումրու փրայմերիզի ժամանակ, երբ նա իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն է ունեցել, սակայն Փաշինյանը դեմ է եղել նրա թեկնածությանը եւ թույլ չի տվել, որ մասնակցի։ Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, Արտյոմ Թումանյանը նաեւ դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի դեմ բողոքած անձն է, որի դեմ քրգործի հարուցմանն է մասնակցել։