Բլոկադային նվիրված հուշակոթողը պղծելը տղամարդկության նշա՞ն

Ոմն Սամվել Շիրինյան անարգել է Երեւանի Արաբկիր համայնքի Վահագն Դավթյան զբոսայգում գտնվող «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողը: Դա արվել է պաշարման 80-րդ տարելիցին:
Հիշեցնենք, Լենինգրադի բնակիչները 872 օր անմարդկային ու սարսափելի տառապանքների միջով են անցել: Եվ շատերը վերջին ամիսներին Լենինգրադի բլոկադան համեմատում էին Արցախի բլոկադայի հետ, ու անգամ սա ետ չպահեց այդ Շիրինյանին հուշակոթողը պղծելու մտադրությունից:
Վերջինս անգամ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է, որպես «իրական տղամարդ», մոտենում կոթողին, ապա տապալում դրա մոտ դրված ծաղկեպսակները, պատռում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրոշը: Իր այս հերոսությունը Շիրինյանը բացատրել է նրանով, թե դժգոհ է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունից, երբ վերջինս, ի պատասխան Արցախում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել է հղում տալ որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։
«Լենինգրադի պաշարման մասին էլ որեւէ փաստաթուղթ չկա»,- ի պատասխան ասում է Սամվել Շիրինյանը:
Այս միջադեպը չէր կարող անտեսվել ՌԴ կողմից: Մինչ հայ հասարակությունն իր դժգոհությունն է արտահայտում, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պղծված՝ պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի դեպքի առթիվ:
Բացի այս, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով:
«Անթույլատրելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան երկպառակտություն են հրահրում և այլատյացության հիման վրա բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած արտահայտությունների նկատմամբ»,- նշել է Ֆեֆիլովը:
Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ևս անդրադարձավ աղմկահարույց այս միջադեպին: Նա, մասնավորապես, գրել է. ««Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողի ծաղկեպսակները «դուխով» ջարդելու առնչությամբ մի դիտարկում: Նախ, դա նվիրված է այն ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻ հիշատակին, որոնք խնամել են որբացած հարյուրավոր երեխաների: Հիմա ի՞նչ, արդյունքում փաստաթղթավորվե՞ց Ադրբեջանի իշխանության կողմից հայ ազգի նկատմամբ ցեղասպանության փաստը, թե դա ձեզ ընդհանրապես չի էլ հետաքրքրո՞ւմ ...»:
MediaHub-ը դիմեց նաև ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու, թե արդյոք ԱԳՆ մակարդակով Ռուսաստանի Դաշնությունը իր դժգոհությունն այս միջադեպի հետ կապված արտահայտել է, թե ոչ: Մեզ խոստացան պատասխանել: