Փաշինյանը «փակեց» Արցախի թեման 

Փաշինյանը «փակեց» Արցախի թեման 

Երեկ, տևական քննարկումներից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԵՄ նախագահ Շառլ Միշելը ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը հրապարակվել է այսօր լուսադեմին:

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»,- ասված է քառակողմ հայտարարության տեքստում:

Այստեղ միակ դրականն այնն է, որ սպասվող պայմանագրում, որի տեքստն, ըստ Ալիևի, ստորագրվելու է մինչև տարեվերջ, Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկության թեմա չի դառնա՝ գոնե այն, ինչ ժառանգվել է ՀԽՍՀ-ից:

Սակայն հայտարարության բացասական հետևանքներն ավելի շատ են:

Օրինակ, մատնանշված չէ Հայաստանի որոշ տարածքների օկուպացիայի վերացման պահանջը, որևէ խոսք չկա ԼՂ խնդրի ու նրա կարգավիճակի մասին, օրակարգ կարող է վերադառնալ անկլավների հարցը ու այսպես շարունակ: Եթե կարճ ձևակերպենք, Փաշինյանը «փակեց» Արցախի թեման, մանավանդ, Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունների համատեքստում:

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։

Ակնհայտորեն՝ պաշտոնական Բաքուն իր այս դիրքորոշումից չի նահանջելու նաև պայմանագրի ստորագրման ժամանակ:

Քառակողմ հայտարարության տեքստում հիշատակված ԵՄ քաղաքացիական առաքելության մասին առհասարակ չենք խոսում, որովհետև դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրել ոչ միայն Բաքուն, այլ նաև Մոսկվան, որը կարծում է, թե «Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելու արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն»:

Վահրամ Բագրատյան