Պապիկյանի հրաժարականը, պաշտոնանկություններ-պաշտոններ, նոր օլիգարխներ. Մամուլը՝ սուրճով

Պապիկյանի հրաժարականը, պաշտոնանկություններ-պաշտոններ, նոր օլիգարխներ. Մամուլը՝ սուրճով

MediaHub-ը ներկայացնում է իր ընթերցողին այսօրվա մամուլի ծաղկաքաղը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մեծ պահանջ բարձրացավ հանրության ամենատարբեր շերտերի մոտ: Թեեւ հասարակության զայրույթը զսպելու համար իշխանությունները միջադեպից ժամեր անց, չսպասելով անգամ քննության ավարտին, բարձրաստիճան զինվորականներ աշխատանքից ազատեցին, բայց սա «չի փրկում» Պապիկյանին:

Հասարակությունը ողբերգական միջադեպի առաջին պատասխանատու համարում է Պապիկյանին եւ պահանջում նախարարի հրաժարականը:

Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ում այս պահին դեռեւս Սուրեն Պապիկյանին փոխարինող անձ չեն գտնում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Քաղաքական իշխանությունները հանրությանը շեղում են բուն օրակարգից: Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Այս անգամ դատախազը միջնորդել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ: Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջնորդություններ կլինեն նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի եւ Գեղամ Մանուկյանի մասով: Իսկ ո՞րն է իշխանությունների նպատակը: Ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը, իսկ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպով դեռ շատ հարցեր մնում են անպատասխան, եւ այսպես, կարծես թե, իշխանությունը շեղում է ուշադրությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինծառայողի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն Պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն վերցրել է այն հրամանը, որտեղ նշված է եղել զինծառայողների՝ կացարաններում հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին:

Հիմա ՔԿ-ն շղթայով գնում է առաջ՝ հասկանալու համար՝ եթե Պաշտպանության նախարարությունը համապատասխան հրահանգ է տվել, որից հետո զորամասի շտաբի պետը ՊՆ-ի համապատասխան հրահանգի մասին տեղյակ է պահել զորամասի ղեկավար կազմին, որպեսզի ապահովվեն հակահրդեհային կանոնները, ապա ովքե՞ր չեն կատարել համապատասխան հրահանգը: Նկատենք՝ դեպքից անցել է 4 օր, սակայն մինչ օրս դեռեւս գործով մեղադրյալ չկա, միայն հարցաքննվածներ են։

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանը խորհրդարան էր այցելել։ Մեր լրագրողը գործարարին հանդիպել է ԱԺ մուտքի մոտ, նրան ուղեկցել են մի խումբ թիկնապահներ։ Նրան ԱԺ բերած ամենագնացները կանգնած են եղել երկրորդ գծի վրա՝ խախտելով երթեւեկության կանոնները։ ԱԺ նախագահի գրասենյակից վստահեցրել են, որ նորաթուխ օլիգարխն Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել։

Հիշեցնենք, որ Նալբանդյանն այն գործարարն է, ով գնեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դղյակը, 5 միլիարդ դրամով ձեռք բերեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, որը պատկանում էր մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին, որը հետո նվիրեց պետությանը: Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների հետ: Այժմ զբաղվում է ալյուրի, ձվի, ձկան կերի արտադրությամբ։

«Հրապարակ» թերթը գրում է.

Գլխավոր դատախազությունն այնքան է շտապել բանակում տեղի ունեցած ողբերգական վթարի թեման շեղելու հարցում, որ Սեյրան Օհանյանի մասով խորհրդարան է ներկայացրել կիսատ միջնորդագիր։ Միջնորդագրերից պարզվել է, որ հանրությանը ոչ հայտնի գործեր են դրանք։ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց դրանք․ «Միջնորդությունն ամբողջական չի հասել, դատախազությունը 3 միջնորդության մասին էր խոսում, մեզ երկուսն է ուղարկվել, որը հիմա փաստաբանների ուսումնասիրության տիրույթում է։ Խոսքը գնում է «Դողագործ» ընկերության՝ նախկին ավտոդողերի գործարանի տարածքի իրացման մասին, երկրորդը՝ ՊՆ ենթակայության տակ եղած 2 հողակտորների իրացմանը՝ Երասխ 1, Երասխ 2։ Երրորդի մասին գաղափար էլ չունենք։ Բայց պնդում ենք, որ սա քաղաքական հետապնդում է, փորձ է արվում բանակի կայացմանը նպաստող մարդկանց, հերոսներին վարկաբեկելու»։ Տեղեկացանք նաեւ, որ դատախազը փետրվարի 7-ին առաջարկելու է ոչ միայն Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, այլեւ կալանքի թույլտվություն տալ։

«Հրապարակ» թերթը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել։ Տարին բարեհաջող չի սկսվել մեր գործընկերների համար։ Մասնավորապես տեղեկացանք, որ Yerevan today.am լրատվական կայքի անձնակազմին ասել են, որ փետրվարի 1-ից նվազագույն կազմով են աշխատելու։ Այլ լրատվամիջոցներում եւս կրճատումներ կլինեն՝ պայմանավորված ֆինանսական խնդիրներով։

Գործընթացը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի․ թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձեւավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Արցախի Հանրապետությունը տևական ժամանակ շրջափակման ու խորացող ճգնաժամի մեջ է, որոշ շրջանակներ, որոնք, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կառավարվում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, ներքաղաքական «բազարներ» են սկսել: Խոսքը, այսպես կոչված, «սորոսական» թևի մասին է:

Ի դեպ, «Փաստ» թերթի Արցախի աղբյուրը հայտնում է, որ չնայած Արցախում արտահերթ ընտրությունների թեման, կարծես թե, ամենաբարձր մակարդակով փակվեց, այդուամենայնիվ, նշյալ անձինք ինտենսիվ պատրաստվում են ընտրություններին՝ նպատակ ունենալով դրանց մասնակցել մեկ միասնական թիմով: Մեր տեղեկություններով, Արցախի Հանրապետության նախագահի նրանց թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է: Շատ հետաքրքիր է հատկապես վերջինիս ու Հայկ Խանումյանի «բարեկամությունը»:

Բանն այն է, որ ընդամենը 6-7 ամիս առաջ Գուրգեն Ներսիսյանը Խանումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել մասնավորաբար պաշտոնական անփութության և շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառելու մեղադրանքով, իսկ հիմա հանդես են գալիս մի թիմով:

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է, ինչ երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակի ֆոնին իշխանությանը սպասարկող որոշ շրջանակներ յուրատեսակ քարոզչական գործընթաց են իրականացնում՝ այն մատուցելով «սիրուն» փաթեթավորմամբ։ Մասնավորաբար, առաջին հայացքից «անշառ» կոնտենտով ադրբեջանցիների հետ համակեցության քարոզ են իրականացնում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, տվյալ շրջանակների առջև խնդիր է դրված համակեցության թեման նորից դարձնել օրակարգային, ավելին՝ հնարավորինս ակտիվացնել մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու գործիքակազմը, սակայն ոչ թե ագրեսիվ մեթոդներով, այլ զգացմունքների, հիշողությունների վրա ազդելու միջոցով։

Ըստ այդմ, նախատեսվում են տարբեր տեսաֆիլմեր, փոքրիկ պատմություններ, որոնք տասնամյակների խորքից կներկայացնեն «հարևանների» հետ կապերը. նպատակն է իբր «նոստալջիկ» ֆոն ապահովել և աստիճանաբար զարգացնել համակեցության հնարավորության գաղափարները: Ի դեպ, ըստ նախնական ուսումնասիրությունների, գործընթացը, կարծես, սկսվել է: