«Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, Ոչ կին են գտնում, ոչ տղամարդ․ Մամուլը՝ սուրճով

«Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, Ոչ կին են գտնում, ոչ տղամարդ․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, որը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Ռուսաստանը հաստատել է Սերգեյ Լավրովի մասնակցությունը, իսկ Վրաստանը հերթական բոյկոտի մասին է հայտնել: Նրանք հանդիպումներից և ոչ մեկին չեն մասնակցել՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։

Քաղաքական շրջանակներում վերլուծելով տարբեր երկրներից հնչող հայտարարությունները՝ կանխատեսումներ կան, որ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հետ առանձին պայմանավորվածության շրջանակներում համաձայնելու է, այսպես կոչված, Միջին միջանցքին, որը ՌԴ–ի համար, մեղմ ասած, ընդունելի չէ, քանի որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոսվում է ճանապարհների ապաշրջափակման, բայց ոչ թե միայն Թուրքիան Ադրբեջանին կապող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին։ Սրանով է պայմանավորված, որ հոկտեմբերի 8-ին Մոսկվայում` Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումներից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը կես ժամ տևած հանդիպումներում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկել։ Իսկ արդեն երեկ Մարիա Զախարովան խմբագրեց, թե` «Զանգեզուրի միջանցք» տերմինը Մոսկվան չի կիրառում։ 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ավարտական փուլում է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործը, ու առաջիկայում նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ. երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը չի ընդունում մեղադրանքը, եւ այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում»։

 

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են, երեքշաբթի օրը չկայացած վարչության նիստը չնայած նախատեսել էին հաջորդ օրն անցկացնել, սակայն այն մինչ օրս չի կայացել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հույս ունեն, որ այս ընթացքում նոր հարմար թեկնածու կգտնեն եւ վարչության որոշ անդամների գործուղման մեջ գտնվելու պատրվակով նիստը հետաձգում են: Ավելին՝ Գրիգոր Մինասյանին հեռացնելուց հետո վարչության առաջին նիստում ընդունած որոշումը, որ նախարարն անպայման պետք է կին լինի, հաջորդ նիստին չեղարկել են՝ հասկանալով, որ շատ բարդ է լինելու նախարարի պաշտոնին համապատասխան ունակություններով կին գտնելը, որը կլինի նաև թիմից։ Այս պահի դրությամբ ներկայացված չորս թեկնածուների հարցում եւս Նիկոլ Փաշինյանը նախընտրություն չունի եւ հույսով է, որ հարցը ձգելով իր սրտի թեկնածուին գտնի, եթե ոչ` կընտրեն առաջադրվածներից մեկին։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ թեկնածուները չորսն են՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որի վերաբերյալ ՔՊ ֆրակցիայում ընդգծված բացասական վերաբերմունք ունեն, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։