Խաբում են, թե Անիի կամրջի շինարարության մասով նոր է համաձայնություն ձեռք բերվել. ՀՅԴ-ական

Խոսվում է Մարգարայի կամուրջը 3-րդ երկրի քաղաքացիների համար բացելու մասին. սա շատերի համար զարմանալի է։ Ասեմ, թե սա ինչ է նշանակում։ Մարգարայի կամրջի հարևան հատվածը Թուրքիայում ընդհանրապես զարգացած տուրիստական ռեգիոն չէ։ Դեռ ավելին՝ նոսր բնակեցված է, տուրիզմի առումով հետաքրքիր չէ։ Այդ դեպքում ո՞վ պետք է ամբողջ Թուրքիայի տարածքը հատի, իր 3-րդ երկրի քաղաքացու անձնագրով Մարգարայի կամուրջն անցնի, հասնի Գյումրի, որ հետո գնա Վրաստան։ Բոլոր փաստերը խոսում են մի բանի մասին՝ այդ ճանապարհից ամենաշատը շահելու են Իրանի վարորդները, որովհետև Սյունիքի լեռնային հատվածը կարող են շրջանել և հարթավայրով Գյումրի հասնել։ Այս դեպքում էլ հարցեր են առաջանում Սյունիքի սոցիալտնտեսական վիճակի մասին։

Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով Մարգարայի կամրջի հավանական բացման և դրանից բխող խնդիրների մասին։ 

«Խաբում են հասարակությանը, թե Անիի կամրջի շինարարությունը նոր ձեռքբերված համաձայնություն է, և ևս մեկ փաստ, որ ՀՀ-ն 2 մլդից ավելի դրամ է ներդրել դեռ մինչև պատերազմը՝ 2020 թվականին։ Ցավոք, թույլ չտվեցին փշալարի մի կտոր բերել, որը կտրել էի 2010 թվականին այն կողմից, երբ ֆիլմ էի նկարում, այդ ժամանակ շատ էր խոսվում երկաթգծի վերագործարկման մասին, հիմա էլ է խոսվում, բայց դեռ ոչինչ չի արվել»,-ասաց նա։ 

Մանուկյանի խոսքով՝ այսօր էլ Թուրքիան բավարարվում է փոքրիկ խորհրդանշական ժեստերով, որոնք գործնական որևէ արդյունք չեն Հայաստանի համար։ 

«ՀՀ իշխանությունը փորձում է սեփական հասարակությանը հրամցնել այդ ժեստերը որպես պատմական դեպքեր, բայց ինչպես վկայում է Չավուշօղլուի և Միրզոյանի ասուլիսը՝ Թուրքիան շարունակում է իր հարաբերությունները պայմանավորել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններով»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: