Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. վիրավորը քրեական աշխարհում հայտնի անձնավորություն է

Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։
Ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։
Պարզվել է, որ շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։