Իտալիայի ամենամեծ գետը մասամբ ցամաքել է

Իտալիայի հյուսիսում արտակարգ դրություն կարող է հայտարարվել հաստատված երաշտի պատճառով, որի հետևանքով երկրի ամենաերկար գետը` Պոն մասնակի ցամաքել է. հայտնում է Reuters-ը։
652 կիլոմետր երկարության ձգվող ջրային ռեսուրսը սնուցում է Պիեմոնտի և Լոմբարդիայի բնակիչներին ու դաշտերը, այժմ որոշ շրջաններում այն անապատ է հիշեցնում՝ ճաքճքված հողով։ Հետազոտողները նշել են, որ Պո գետին 1952 թվականից ի վեր սպառնում է ամենավատ երաշտը. 120 օրից ավելի անձրևներ չեն եղել, իսկ շոգը եկել է վաղ գարնանը: Իրավիճակը սրում է Ալպերում ձյան բացակայությունը, որը հիմնական ջրային պաշարն է համարվում։
Պիեմոնտի և Լոմբարդիայի ֆերմերները ահազանգում են, որ վտանգի տակ է հայտնվել բրնձի, սոյայի և եգիպտացորենի բերքը, պարզապես դրանք ջրելու ոչ մի հնարավորություն չկա: