Հայկ Մարությանի ընկերը ավելի քան 18 մլն դրամ վնաս է պատճառել Երևանին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն իր տեղակալի և այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառել Երևան համայնքին:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն, նախնական համաձայնության գալով իր տեղակալի Կ. Թ.-ի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ:
Ըստ այդմ Կ. Թ.-ն իր մի շարք ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գ.-ի կազմած կեղծ հրամաններով 2019 թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների 300.000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020 թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով:
Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019 թ. նոյեմբերից 2021 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17.603.137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թ.-ի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:
Բացի այդ, Ա. Գ.-ն, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել:
Մասնավորապես, Ա. Գ.-ն 2020 թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10.000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ:
Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020 թ. հոկտեմբերից 2021 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1 մլն ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գ.-ին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Գ.-ին օժանդակած Կ. Թ.-ին ու ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Բոլոր մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
Համայնքային բյուջեին պատճառված ընդհանուր 18.603.137 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է: