Իսկ ո՞ւմ հետ է ուզում բանակցել Ադրբեջանը, որ հրավիրում է Բաքու

Իսկ ո՞ւմ հետ է ուզում բանակցել Ադրբեջանը, որ հրավիրում է Բաքու

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ շարունակելով մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերը, «ևս մեկ անգամ առաջարկում է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնեն Բաքվում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Ղարաբաղում». այս մասին ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ։ 
Թե ինչ հանդիպում է ուզում Բաքուն և ինչպես է այն հնարավոր կազմակերպել հենց Բաքվում, MediaHub-ը հետաքրքրվեց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանից։

«Մենք երբեք դեմ չենք եղել լիարժեք ձևաչափի վերականգնմանը, բայց այդ հայտարարության մեջ նշվում է հայ հասարակության ներկայացուցիչներ, էդ ովքե՞ր են այդ մարդիկ, պետական կառավարումի՞ց են, պետության մասին խոսք չկա, մարդի՞կ են, որոնց կարող են փողոցից վերցնել ու տանել, ոչ մի բան հստակ չէ։ Ձևաչափի մասին էլ խոսք չկա, լավ, մենք գտանք ու ուղարկեցինք այդ մարդկանց, ի՞նչ են անելու, էլի միջազգային դատարանի որոշում է լինելո՞ւ, որի վրա Ադրբեջանը թքելու է։ Իսկ հանդիպումն անցկացնելու համար շատ այլ տեղեր կան, Բաքվում հանդիպումն այլ բան է, ուրիշ տեղ՝ Ռուսաստանի ներկայացուցիչների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումն այլ բան է։ Բնական է, որ Ադրբեջանի ուզածը սա չէ, այլ ուզում է, որ Արցախի ներկայացուցիչը գնա ասի՝ մենք եկել ենք, համաձայն ենք ապրել ձեր կազմում։ Չեմ կարծում, որ հնարավոր է այս ձևաչափով որևէ բան անել»,-ասաց նա։ 

Հիշեցմանը, թե Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու «Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը, և նրանց մասնակցությամբ հանդիպում արդեն եղել է, Բաբայանն արձագանքեց․ 

«Շահրամանյանն ու Մարտիրոսյանը քաղաքական հարցեր չեն քննարկում, նրանք քննարկում են հարցեր, որոնք կապված են մարդասիրական խնդիրների և տեխնիկական հարցերի հետ»:

Ամեն դեպքում, Արցախը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել Ադրբեջանի հայտարարությանն ի պատասխան։

Լիաննա Թորոսյան