Ո՞րն է պատճառը, որ Փաշինյանի գրեթե զրոյին մոտեցող վարկանիշի պարագայում, ՔՊ-ն առաջին հորիզոնականում է

Ո՞րն է պատճառը, որ Փաշինյանի գրեթե զրոյին մոտեցող վարկանիշի պարագայում, ՔՊ-ն առաջին հորիզոնականում է

Ըստ Գելափի հարցումների՝ քաղաքացիների շուրջ 80 տոկոսն այսօր դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, սակայն եթե առաջիկա կիրակի օրը լինեին ԱԺ ընտրություններ, ապա ո՞ւմ կնտրեին հարցին, նույն քաղաքացիները նախապատվությունը տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շուրջ 11 տոկոս։ Իհարկե, այդքան էլ բարձր ցուցանիշ չէ, սակայն անհամեմատ ավելի շատ է, քան ցանկում եղած մյուս կուսակցություններինը։

Առաջին հայացքից կարող է քաղաքական նոնսենս թվալ եթե Փաշինյանից դժգոհողների տոկոսն այդքան բարձր է, ապա ՔՊ-ի վարկանիշը պետք է լիներ ցուցակի ամենավերջին տեղում, որովհետև ՔՊ կուսակցություն գոյություն չունի։ Կա Նիկոլ Փաշինյան ու նրա կողմից ստեղծված խմբակ, որի ոչ միայն վարկանիշը, այլ առհասարակ գոյությունը պայմանավորված է միայն ու միմիայն Նիկոլ Փաշինյանով։

Սակայն, իրականում որևէ հակասություն գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը խայտառակ ցածր է ու դա գիտակցում է նաև ինքը, սակայն վերջինիս ցածր վարկանիշը դեռևս չի նշանակում այլոց վարկանիշի ինքնաբերաբար բարձրացում։ ՔՊ-ի 11 տոկոս ձայները ոչ թե նրա իրական քվեներն են, այլ քաղաքական դաշտից հիասթափության արդյունք։

Առհասարակ քաղաքականությունը գործողությունների արվեստ է, «սիրել», «զզվել», «ատել» և մնացյալ բոլոր բայերը քաղաքական կեղծ հասկացություններ են, որոնք կարող են մանիպուլացվել կոնկրետ նպատակների համար, սակայն չեն կարող արտացոլել իրական պատկերը։ Կլինի հստակ գործողություն, կլինի նաև մոտեցման փոփոխություն։ Չի լինի գործողություն, քաղաքական գործիչը կամ ուժը իսպառ կմոռացվի։ Չի հիշվի ո'չ հանրության, ո'չ լրագրողների, ո'չ էլ գործընկերների կողմից։

Սակայն, վերադառնալով բուն թեմային, պետք է փաստել, որ ցավալիորեն ՔՊ-ի նույնիսկ 11 տոկոս արդյունքը ընդդիմության անգործության հետևանք է։ Երբ ընդդիմությունը հայտարարում է, որ իր օրակարգում չկա հերթական ընտրությունների թեմա, այլ առաջնայինը Փաշինյանի հեռացման հարցն է, ապա այդ հայտարարությանը պետք է հաջորդեն հստակ գործողություններ, ուղղված Փաշինյանի հեռացմանը։ Իսկ գործողության բացակայությունը հանգեցնում է հասարակության հիասթափման ու արդյունքում ՔՊ-ն նույնիսկ ցածր վարկանիշով, բայց հայտնվում է առաջին հորիզոնականում։

Քաղաքական ճիշտ մոտեցումը պահանջում է, որպեսզի քաղաքական ուժի օրակարգում լինեն բոլոր սցենարները թե' արտահերթ, թե' հերթական, ու քաղաքական ուժը, եթե իհարկե ցանկանում է հաջողություն գրանցել, առավել ևս իշխանության գալ, ապա պետք է աշխատի օրնիբուն, առանց դադարի, այլ ոչ միայն քարոզարշավի ընթացքում։ Ընդդիմությունը հաճախ մոռանում է, որ իշխանությունն իր նկատմամբ ունի առավելություն, այն է ֆինանսները, վարչական լծակները, որոնք աշխատացնելով ամբողջ ցիկլի ընթացքում, վերջում կարող է ծառայեցնել հօգուտ իր հաղթանակի։

Շատերը թյուրիմացաբար հարցազրույցներն ու ասուլիսները շփոթում են քաղաքականության հետ, այնինչ դրանք ընդամենը քաղաքականության օժանդակ մասնիկներն են, այլ ոչ բուն քաղաքականությունը։ Երբ քաղաքական գործիչը կամ ուժը բավարարվում է միայն հարցազրույցներով, քաղաքական տիրույթից իրեն տեղափոխում է քաղաքագիտական ոլորտ։

Հետևաբար, ևս մեկ անգամ հորդորում եմ քաղաքական ուժերին թույլ չտալ մարտավարական սխալներ, այլ գործել ամեն օր ու անդադար, բախել յուրաքանչյուր դուռ, խոսել ցանկացած մարդու հետ, շրջել գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, որովհետև շեշտում եմ` միայն ընդդիմության գործողությունը կարող է ՔՊ-ի 11 տոկոսն իջեցնել 1-ի ու հանգեցնել հաջողության։

Կարեն Կարապետյան