Եթե Աշոտը սպանվեր, հերոս կլիներ, Աննա Հակոբյանն էլ հերոսածին մայր․ Փաշինյան

Հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին կրկին հարց ուղղեցին Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջադեպի մասին, որի արդյունքում Հակոբյանը կալանավորվել է։ 

Դիտարկմանը, որ հանրությունն առաջ է բերում այն հարցը, որ Գայանե Հակոբյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր է, վերջինս արձագանքեց իր «ավանդական» տարբերակով՝ սիրում է, խոնհարվում է և հարցը մի քանի բարոյական կողմ ունի։

«Դեպքը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի հետ. ո՞վ է ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանը։ Մի քաղաքացի է, որ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ, որպես կամավոր, զինվորագրվել է, ընդորում ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինքը զորակոչի ենթակա չի եղել, որովհետև նոր էր ավարտել զինվորական ծառայությունը։ Բնականաբար, էդ որոշումն ինքը քննարկել է իր հոր և իր մոր հետ և այդ ժամանակ նա եղել է ՀՀ վարչապետ հանդիսացող անձի որդի, որոշել է ու զորակոչվել առաջնագիծ։ Մի դրվագի մասին կխոսեմ․ մարտական գործողություն կատարելու ժամանակ հրետանակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ։ Այդ ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ պատսպարված են եղել, մարմնով կիպ կպած են եղել, իր ընկերը զոհվել է։ Կարծում եմ՝ բոլորիս պարզ է, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի։ Ոչ ոք չէր կարող կանխորոշել և որոշել, որ այդ բեկորը չի սպանելու իմ որդուն․ բացառվա՛ծ է։ Ուզում եմ մի հարց տալ. եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ չի սպանել և միլիմետրով անցել է իր կողքով, նա դարձել է հակահերոս։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանը էլ հերոսածին մայր չէ, ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել և հատկապես այն պայմաններում, երբ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվել է առաջնագծում, զենքը ձեռքին։ Այսինքն, մարդիկ ուզո՞ւմ են ավարտին հասցնել այն առաքելությունը, ինչը ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը»,-ասաց նա։

Փաշինյանը պատմեց, որ Աշոտն իրեն ներկայացրել է մի դրվագ մեքենայի մեջ եղած խոսակցությունից։

«Մայրն ասել է՝ իմ որդուն տարել են սպանելու, Աշոտն ասել է՝ եթե այդ տրամաբանությամբ նայենք, ինձ էլ են տարել սպանելու։ Ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ իմ որդին հերոս չէ և մարդ է, որի հետ պետք էր այդպես վարվել, ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ: Նրանք, ովքեր ներգրավված են առևանգման գործընացի մեջ, ադրբեջանական բեկորի անկատար գո՞րծն են ուզում ավարտին հասցնել»,-ներկայացրեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում